շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի շահերը սպասարկում են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնք փորձում են խնդիրը ներկայացնել իբր բնապահպանական տեսանկյունից. ԱՀ պետնախարար

Ադրբեջանի շահերը սպասարկում են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնք փորձում են խնդիրը ներկայացնել իբր բնապահպանական տեսանկյունից. ԱՀ պետնախարար

Մենք պետք է ամեն կերպ խնդիրը ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաեւ հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարեւոր է: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի շահերը սպասարկում են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն կերպ խնդիրը ներկայացնել իբր բնապահպանական տեսանկյունից։

՛՛Այդ տեղեկատվական պայքարում մենք շնորհակալ ենք Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ աշխարհի շատ այլ երկրներում ապրող բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խնդրով, տարբեր միջոցներով բարձրացնում են թեման եւ փորձում են ուշադրություն հրավիրել իրական պատճառների վրա։ Խնդրի կրողը մենք ենք, եւ մեզ թվում է, որ միջազգային արձագանքը քիչ է, բայց իրականում դա այդպես չէ: Մենք պետք է ամեն կերպ ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաեւ հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարեւոր է՛՛,-մասնավորապես ասել է Վարդանյանը:

Պետնախարարը նաեւ վստահեցրել է, որ ՛՛Բեյզ Մեթըլս՛՛ ընկերության կողմից հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը որեւէ մեկի պահանջով չէ, միակ նպատակն ապացուցելն է, որ որեւէ բնապահպանական նպատակ Ադրբեջանը չի հետապնդում:

՛՛Ադրբեջանն աշխարհին սա փորձում է ներկայացնել որպես էկոլոգիական լուրջ խնդիր։ Մենք եւ ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն ենք հայտնել, որ եթե կա անհրաժեշտություն, կարող ենք դադարեցնել հանքի շահագործումը, հրավիրել միջազգային բարձրակարգ մասնագետների՝ մոնիթորինգ կատարելու։ Մենք վստահորեն մի բան ենք ասում՝ եթե մոնիթորինգն անհրաժեշտություն է, դա կանենք մենք՝ որպես կառավարություն, որպես պետություն՝ ընկերության ղեկավարության հետ միասին։ Երկրորդը՝ դա կանենք բարձրակարգ մասնագետներով, երրորդը՝ եթե մոնիթորինգ է արվում, թող այս տարածաշրջանի բոլոր հանքերում դա կատարվի։ Եկեք դիտարկենք նաեւ մյուս հանքերը, որոնք գտնվում են հարեւան պետությունում, որովհետեւ մենք էլ անհանգստություն ունենք նրանց շահագործման վերաբերյալ: Մենք վստահ ենք, որ մեր հանքի շահագործման չափանիշները շատ բարձր են՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: