հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման պատճառով դպրոցականների 50 տոկոսը զրկվել է կրթության իրավունքից. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման պատճառով դպրոցականների 50 տոկոսը զրկվել է կրթության իրավունքից. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման պատճառով արցախցի դպրոցականների 50 տոկոսը զրկվել է կրթության իրավունքից։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
 
«Արդեն 4-րդ օրն է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։ Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։ Ադրբեջանական կողմը ձմեռվա ցրտի պայմաններում արգելափակել  է նաև Արցախի գազամատակարարումը, կիրառելով հումանիտար աղետ գեներացնելու՝ դեռևս այս տարվա մարտին փորձարկված գործիքը»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, որ  մարդիկ օրեր  շարունակ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում դադարեցվել է դասապրոցեսը։
 
«Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը»,-ընդգծել է Օմբուդսմենը:
 
Գ. Ստեփանյանի խոսքով՝ այս ամենն ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու և պարտադրելու իր կամքը։
 
«Սրանք մարդու իրավունքների լայնածավալ ու կոպտագույն խախտումներ են, որոնց վերաբերյալ մինչ այս պահը միջազգային պատշաճ արձագանք չկա։ Մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը՝ ակնկալելով միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: