հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է կազմակերպվել

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է կազմակերպվել

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 14-ին, «Եվրոպա» հյուրանոցի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցում են Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության վերլուծաբաններ, քաղաքագետներ, պատմության ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր խորագրի շրջանակներում հանդես են գալիս տարբեր զեկույցներով: Գիտաժողովին ցուցադրվել է նաև փաստավավերագրական ռուսալեզու ֆիլմ, որի հեղինակը Մարինե Գրիգորյանն է: Ֆիլմը պատմում է ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի մասին, ովքեր 2014 թ-ին Շահումյանի շրջանում ահաբեկչությամբ սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

Նա կարևորել է նման գիտաժողովի կազմակերպումը, որը ևս մեկ առիթ է, որպեսզի ինչ-որ չափով վերջ դրվի Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայ կեղծ լուրերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող, միջոցառման նախաձեռնող Հովիկ Ավանեսովն ասել է, որ գիտաժողովի կազմակերպման նպատակն առաջացել է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին:

Թե ինչու են ընտրել «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» թեման, Հ. Ավանեսովն ասել է, որ այն այսօր էլ արդիական է, քանի որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը ամեն օր ավելի է սրանում և դրան հակազդելու համար միայն լրատվամիջոցները կամ վերլուծական հոդվածներ գրելը բավական չէ: Գիտաժողովի մասնակիցների 19 զեկույցները նախապես հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվել է առանձին ժողովածուում:
 
«Գրքում տեղ են գտել այնպիսի հոդվածներ, որտեղ փաստացի ներկայացված են Ադրբեջանի կեղծարարությունը, հակահայկական քարոզչությունը, հեղինակների մի մասն անդրադարձ են կատարել Սումգայիթյան ողբերգություններին, որոնք մինչ այժմ Ադրբեջանը խեղաթյուրում է, մի մասն էլ՝ Խոջալուի դեպքերին: Մենք նաև առաջարկում ենք այդ քարոզչություններին հակազդման մեխանիզմներ, որի համար առաջին հերթին պետք է մշակել հակազդման հստակ ռազմավարություն, օգտագործել բազմալեզու լրատվամիջոցները և թեմայով զբաղվող մասնագետների կոնսոլիդացիան: Այս ամենից հետո միայն մենք կարող ենք լուրջ քայլեր ձեռնարկել և ունենալ դրական արդյունքներ»,- մասնավորապես ասել է Հ. Ավանեսովը:

Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանում վերջ չի դրվելու հայատյացությանը, քանի դեռ կա ադրբեջանական արհեստածին էթնիկական զանգվածը:

«Ադրբեջանի հիմնական նպատակը հենց հակահայկական քարոզչություն իրականացնելն է: Ադրբեջանում հայատյացություն են սերմանում անգամ մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում և նրանց գիտակցության մեջ ամրապնդում այդ թշնամանքը: Խորհրդային տարիներին այնքան էլ արտահայտված չէր հակահայկական քարոզչությունը: Մենք՝ հայերս, հազարամյակների պատմություն ունենք և այսօր կարծել, որ կարող ենք Ադրբեջանի հետ բարեկամություն անել պարզապես պատրանք կլինի: Այսպիսի գիտաժողովները շատ կարևոր են, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տրվեն ադրբեջանական կեղծարարությունն ու արմենաֆոբիան»,-մասնավորապես ասել է Գ. Ասատրյանը:

  • Կիսվել: