կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել  է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի կողմից երեկ արված հայտարարությանը՝  նշելով, թե  հայկական կողմը «փորձ է անում մոլորության մեջ  գցել միջազգային հանրությանը»:

«Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը։

Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ խեղաթյուրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքները, որոնք ուղղված են հայկական 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր բնական պաշարների թալանի դեմ։ Կարծես թե հայկական կողմը մտադիր է շարունակել անօրինական տնտեսական և այլ տեսակի գործունեությունն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ կրկին հայտարարություն էր տարածել՝ ևս մեկ անգամ միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։

Հայաստանի արտաքին հարցերով գերատեսչությունն ահազանգում էր, որ արդեն ավելի քան  3 շաբաթ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը:

  • Կիսվել: