հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
2023 թվականի ՀՀ բյուջեով Արցախին հատկացվելիք միջպետական վարկի չափսը չի փոխվի. Ընդդիմադիր պատգամավորը ապատեղեկատվություն է տարածել

2023 թվականի ՀՀ բյուջեով Արցախին հատկացվելիք միջպետական վարկի չափսը չի փոխվի. Ընդդիմադիր պատգամավորը ապատեղեկատվություն է տարածել

2023 թվականի ՀՀ բյուջեով Արցախին հատկացվելիք միջպետական վարկի չափսը չի փոխվի: Այս մասին Infoport.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներից մեկի վերջերս արած հայտարարությանը առ այն, որ ՀՀ-ն 2023 թվականի կրճատել է Արցախին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության չափսը:

«Ինչպես 2022-ին, այնպես էլ եկող տարվա` 2023 բյուջեով նախատեսված է Արցախին հատկացնել 144 մլրդ դրամ: Արցախին հատկացվելիք գումարը որեւէ դրամով անգամ չի պակասել:
Ուղղակի 2022 թվականին Արցախի Կառավարությունը ՀՀ-ից խնդրել է լրացուցիչ 20 միլիարդ, որպեսզի ԱՀ կառավարությունը մարի տեղահանված արցախցիների վարկային պարտավորությունները, որը, ըստ էության, բացարձակ կապ չունի տարեկան բյուջեով հատկացվող գումարի հետ: Իմ նշած հավելյալ աջակցությունը եղել է միանվագ` կոնկրետ խնդիր լուծելու համար, որը լուծվել, ավարտվել է:

Ավելին ասեմ, այդ միանվագ ծախսի վերաբերյալ ԱՀ կառավարությունն էլ այս տարի չի դիմել, որ ասենք, օրինակ, դիմել են, մենք մերժել ենք»,- պարզաբանեց Պապոյանը:

Հիշեցնենք, օրերս ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր, որ «օրվա իշխանական խմբակը աննախադեպ և էական կրճատել է Արցախի Հանրապետությանը հաջորդ տարի տրամադրվող բյուջետային աջակցությանը»։

Որպես հիմնավորում նա բերել էր այն փաստը, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի 20 միլիարդ դրամով պակաս է հատկացվելու ԱՀ-ին: Միևնույն ժամանակ պատգամավորը փաստացի չէր նշել, որ այդ 20 միլիարդ դրամը հավելյալ միանվագ աջակցություն էր կոնկրետ ծրագրի շրջանակներում, որը ընդհանրապես կապ չուներ բուն տարեկան արտոնյալ միջպետական վարկի հետ:

  • Կիսվել: