չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Այդ փաստաթուղթը ոչ մի հայանպաստ դրույթ չի պարունակում. Փաշինյանն Ալիեւին բան է խոստացել Պուտինի ներկայությամբ. Աշոտյան

Այդ փաստաթուղթը ոչ մի հայանպաստ դրույթ չի պարունակում. Փաշինյանն Ալիեւին բան է խոստացել Պուտինի ներկայությամբ. Աշոտյան

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ աղմկահարույց փաստաթղթին, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի գծման եւ զատման աշխատանքների նախապատրաստում:

Նշենք, որ, ըստ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի՝ այն հարյուր տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին:

՛՛Ի՞նչ է նշանակում հարյուր տոկոսով հայանպաստ փաստաթուղթ․ պատկերացրեք՝ ձեր հարեւանը, որի հետ դուք չունեք, կոտրում է ձեր դուռը, գալիս գրավում է ձեր ննջարանը, խոհանոցը եւ զուգարանը, հետո դուք ստիպված իր հետ ինչ-որ բան եք պայմանավորվում, եւ ասում՝ դա նպաստավոր է ձեր ընտանիքի համար։

Այսպես` բացատրեմ, որ մեր ժողովրդի այն հատվածը, որը հավատում է նրան, հասկանա՝ եթե իր տուն են ներխուժում, իր տանից ինչ-որ բան են տանում, իր տան սահմանները փորձում են փոխել ի վնաս իրեն, ասել, որ դա հայանպա՞ստ է, լո՞ւրջ։

Հայանպաստ է, քեզ տուր թուրքերին։ Լուսահոգի Մանվել Գրիգորյանը մի խոսք ուներ՝ հայ ժողովուրդը դրա հետեւին պետք է ձեռք տա, որովհետեւ այս պատմական գնահատականներից դուրս որեւէ բան այլեւս չի աշխատելու։ Եթե դա հայանպաստ փաստաթուղթ է, ինչո՞ւ էր գաղտնի, ինչո՞ւ եմ ես Միքայել Մինասյանից իմանում՛՛,-ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի սահման գծել, եթե դու հարեւանիդ հետ դեռեւս պատերազմի մեջ ես, երբ քո փոքր եղբայրը՝ Արցախը, այդ նույն հարեւանի հետ կռվի մեջ է: ՛՛Այսինքն՝ դուք սահմաններ գծում եք, միջազգայնորեն հաստատում եք ու դնում եք կասկածի տակ մեր սահմանը, որ ի՞նչ անեք։

Ոչ մի դելիմիտացիա չէ կարող լինել հայ-ադրբեջանական սահմանին, եթե Արցախի հարցը վերջնականապես լուծված չէ, մինչեւ վերջին ռազմագերին վերադարձված չէ, մինչեւ Շուշիի, Հադրութի կարգավիճակը հստակ չէ, վերադարձված չէ։ Այս իշխանությունների օրոք ոչ մի ազգային շահերին վերաբերող հարց այլեւս լինել չի կարող՛՛,-ասաց նա։

Աշոտյանը նաև նշեց, որ հանցակից են բոլոր այն նախարարները, որոնք Փաշինյանի օրոք եղել են նախարար, կրկնակի հանցակից են այն նախարարները, որոնք կապիտուլյացիայից հետո համաձայնել են նրա հետ աշխատել, եռակի հանցակից են այն մարդիկ, ովքեր կապիտուլյացիայից հետո համաձայնվել են պաշտոնի նշանակվել:

ՀՀԿ փոխնախագահը նշեց. ՛՛Այս բոլորին ոչ ոք չի ներելու։ Կարող է այսօր այստեղ հարյուր հազար մարդ չկա, կարող է ընտրություններին Նիկոլը մի քիչ ավելի շատ ձայն հավաքի, չգիտեմ, բայց հաստատ կա այնքան մարդ, որ ինքը կյանքում չի կարող ֆիզիկապես քայլի Երեւանի փողոցներով, կյանքում, ինքն ու իր թիմը։ Սրա օրոք ու Հայաստանի վրա կախված յաթաղանի տակ ընտրության գնալ չի կարելի՛՛։

Նա նաև կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած ցանկացած փաստաթուղթ հակասահմանադրական է։

Ըստ Աշոտյանի՝  նշված փաստաթղթի գաղտնի հավելվածում գրված է Տավուշի եւ Տիգրանաշենի մասին։ Գեղարքունիքի մարզում հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին էլ Արմեն Աշոտյանն ասաց՝ դա մեր բանակին չի նսեմացրել, մեր տղերքը արժանապատիվ են, որ բանակում ծառայում են, դա իրենց չի նսեմացրել թուրքը, տեսանյութը մեր բանակի մասին չէ, Նիկոլի մասին է: ՛՛Ոնց թուրքն է տալիս Նիկոլի քամակին, այդպես պետք է հայ ժողովուրդը տա դրա հետույքին։ Այլընտրանք չունենք՛՛,-հավելեց նա և ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ստորագրել այդ փաստաթուղթը, նա չունի այդ լեգիտիմությունը՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին:

՛՛Այդ փաստաթուղթը ոչ մի հայանպաստ դրույթ չի պարունակում։ Նա Ալիեւին բան է խոստացել Պուտինի ներկայությամբ, հետո փորձել է ֆռցնել ու քցել, որ ընտրությունները անցնեն, հետո կանեմ, մարդիկ հասկանում են, որ կրելու շանս չունի, Ալիեւը հասկանում է, որ Նիկոլը շանս չունի ու քերելու է ամեն ինչ նրանից, եւ հույս դնել նրա կամքի ու բարոյականության վրա՝ անիմաստ բան է՛՛,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

  • Կիսվել: