շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թբիլիսում կկառուցվի նոր ստադիոն եւ ՉԼ-ի եզրափակիչի անցկացման հայտ կներկայացվի

Թբիլիսում կկառուցվի նոր ստադիոն եւ ՉԼ-ի եզրափակիչի անցկացման հայտ կներկայացվի

Վրաստանը մտադիր է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թբիլիսիում անցկացնելու հայտ ներկայացնել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Թբիլիսիում կկառուցվի ֆուտբոլի եւ ռեգբիի նոր ստադիոն, որը կընդունի 70 հազար հանդիսական, հաղորդում է Վրաստանի կառավարության կայքը։

«Մենք հայտ ենք ներկայացնում նոր ստադիոնում 2028թ․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու համար։ Դա կլինի շատ կարեւոր նվեր վրացական ֆուտբոլի եւ վրացի երկրպագուների համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր՝ ընտրական փլեյ-օֆֆի եզրափակիչում հաղթելով Հունաստանի թիմին։

Եվրո-2024-ի խմբային փուլում Վրաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Չեխիայի եւ Թուրքիայի հավաքականները։

  • Կիսվել: