շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում բացման գեղեցիկ արարողությամբ պաշտոնապես տրվել է ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի մեկնարկը (տեսանյութ)

Երևանում բացման գեղեցիկ արարողությամբ պաշտոնապես տրվել է ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի մեկնարկը (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացման գեղեցիկ արարողությամբ այսօր պաշտոնապես տրվել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի մեկնարկը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Բացման արարողությանը հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՖՖ և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզասերներ:

Այնուհետև կայացել է առաջին կիսաեզրափակիչը «Բենֆիկայի» և «Պալմայի» միջև: Բավականին լարված ու հետաքրքրաշարժ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Ընդ որում, Մալյորկան ներկայացնող թիմի կազմում մեկ գնդակ հեղինակել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը: Լրացուցիչ ժամանակում ևս թիմերը չեն կարողացել պարզել հաղթողին:

Արդյունքում, հաղթողը վճռվել է հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ են գտնվել «Պալմայի» խաղացողները՝ 4:3:

Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում կատալոնական «Բարսելոնան» 5:4 հաշվով փայլուն հաղթանակ է տարել պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:

Նշենք՝ Մարզահամերգային համալիրում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել:

Հիշեցնենք՝ երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։

  • Կիսվել: