կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մադրիդի «Ատլետիկո»-ն ամռանը Հայաստանում պատանի ֆուտբոլիստների համար ճամբար կանցկացնի

Մադրիդի «Ատլետիկո»-ն ամռանը Հայաստանում պատանի ֆուտբոլիստների համար ճամբար կանցկացնի

Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի ներկայացուցիչներն  ամռանը՝ հունիս ամսին, ֆուտբոլային ճամբար կանցկացնեն «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմերում մարզվող երեխաների և այլ ցանկացողների համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ակումբի ներկայացուցիչներ «Սարդարապատ» ՖԱ հիմնադիր նախագահ Սևան Կարիանը, գլխավոր տնօրեն Անուշ Անանյանը և Մադրիդի «Ատլետիկո»-ի միջազգային զարգացման բաժնի համակարգող Կարլոս Կանո Լորենցոն:

«Մենք նպատակ ունենք խորացնելու մեր մեթոդաբանությունը` առավել զարգացնելով այն, առավել հագեցնելով այն` ներկայացնելով հայ պատանիներին: Մադրիդի «Ատլետիկո»-ի ակադեմիան մեծագույնն է Եվրոպայում: Նպատակ ունենք միահյուսել «Ատլետիկո»-ի և «Սարդարապատ»-ի փիլիսոփայությունը, գիտելիքները` դառնալով առավել լավը»,-ասաց «Սարդարապատ» ՖԱ հիմնադիր նախագահ Սևան Կարիանը: Վերջինիս խոսքով` ապագայի հեռանկարային նպատակը մեկն է՝ մարզչական փոխհամագործակցության տևական զարգացումը:

«Ատլետիկո»-ի միջազգային զարգացման բաժնի համակարգող Կարլոս Կանո Լորենցոյի խոսքով` լինելով առաջին անգամ Հայաստանում, նպատակ կա ավելի շատ տեղեկանալ հայկական ֆուտբոլից:

««Սարդարապատ» ակումբի միջոցով փորձելու ենք կամրջել երկրները` Հայաստան բերելով «Ատլետիկո»-ի ակադեմիայի փիլիսոփայությունը, մեթոդաբանությունը: Այս ամենում մեր առաջին քայլը կլինի ամռանը կայանալիք ֆուտբոլային ճամբարը: Ճամբարին կմասնակցեն բուն «Ատլետիկո»-ի ակադեմիայի մասնագետները»,-առանձնացրեց Լորենցոն:

Ֆուտբոլային ճամբարը  նախատեսված է 9-15 տարեկան պատանիների և աղջիկների համար: Ճամբարին կարող են մասնակցել ոչ միայն «Սարդարապատ» ակումբի, այն նաև ուրիշ թիմերի երեխաներ: Ճամբարին կմասնակցի 40 երեխա:

  • Կիսվել: