ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի և Ուելսի հավաքականները չպարզեցին հաղթողին

Հայաստանի և Ուելսի հավաքականները չպարզեցին հաղթողին

Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ուելսի թիմի հետ, գրում է armsport.am-ը:

6-րդ րոպեին Լուկաս Սելարայանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին հաշվի մեջ։
 

 

Բաց թողած գոլից անմիջապես հետո Ուելսի հավաքականը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն մրցակցի ֆուտբոլիստի հարվածը բարձր ստացվեց։ 38-րդ րոպեին հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Հայաստանի թիմին փրկեց Չանչարևիչը։ Ավելացված ժամանակում Նաիր Թիկնիզյանը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Թիմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասն անցավ ավելի հանգիստ պայքարում։ 60-րդ րոպեին Վահան Բիչախչյանի հեռահար հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, սակայն վրա հասած Լուկաս Սելարայանը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։ 69-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստի հեռահար հարվածից հետո Չանչարևիչը տիրեց գնդակին։ 82-րդ րոպեին մոտ էր մրցակցի դարպասը գրավելուն Սպերցյանը, բայց մրցակցի ֆուտբոլիստի ոտքից անդրադարձը շեղեց գնդակի ուղղությունը։ Րոպեներ անց գեղեցիկ կոմբինացիոն գրոհը եզրափակեց Սելարայանը, բայց նրա հարվածը բարձր ստացվեց։ 90-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սևիկյանի հարվածից հետո Ուելսի հավաքականի դարպասապահը փրկեց իր թիմին, իսկ խաղավերջում նույն Սևիկյանի հարվածը շեղ ստացվեց։

Այսպիսով, Երևանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։

Նախավերջին՝ 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն իր ակտիվում ունի 8 միավոր, իսկ Ուելսի ընտրանին՝ 11։

  • Կիսվել: