շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զանգեզուրի կոմբինատի կողմից Ողջի գետը աղտոտելու դեպքով հնարավոր է քրեական պատասխանատվություն լինի. նախարար

Զանգեզուրի կոմբինատի կողմից Ողջի գետը աղտոտելու դեպքով հնարավոր է քրեական պատասխանատվություն լինի. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը չի բացառում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի թափոնները Ողջի գետ լցվելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվի և քրեական պատասխանատվության ենթարկվեն պատասխանատուները: «Յուրաքանչյուր խախտում, որին դուք ականտես եք լինում, ուղիղ հասցեատերը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է: Այդ մարմինը Ողջի գետում նմուշառումն իրականացրել է, հետազոտություններն իրականացրել է, անալիզները վերցրել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հարցին, թե ի՞նչ է պարզվել այդ անալիզների արդյունքում, նախարարը պատասխանեց. «Որոշակի մետաղների, ալյումին, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները: Մի քանի հետազոտություն կա, որ օրգանական մասով է և մեկ օրում հնարավոր չէ իրականացնել, 3-4 օր է տեւում: Ենթադրում եմ, որ դեռ չեն ավարտել: Վնասը հաշվարկվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով, բանաձևերով: Եթե վնասը գերազանցում է որոշակի չափաքանակ, ապա քրեական պատասխանատվություն է նախատեսված աղտոտողների համար: Եթե ոչ, վարչական պատասխանատվություն է ենթադրում:

Այն տվյալները, որոնք ես տեսնում եմ, թեև վերջնական հաշվարկը դեռ չկա, ենթադրում եմ, որ այո, վնասը գերազանցում է և քրեական պատասխանատվություն կլինի: Եթե վնասը գերազանցում է չափը, դա փոխանցվում է դատախազություն, և դատախազությունն արդեն քրգործի շրջանակներում իր գործունեությունն է իրականացնում: Գետում ծանր մետաղներ են, որոնք օրգանիզմների համար, էկոհամակարգերի համար որոշակի վնասակարություն են ենթադրում՝ կախված իրենց խտությունից»:

Հարցին, թե որքան պետք է լինի վնասը, որ գործը փոխանցվի դատախազությանը, նախարարը պատասխանեց, որ օրենսդրության մեջ այստեղ ոչ հստակություն կա. «Էական վնասն այս պարագայում քրեական օրենսգրքով նշված է 500-ապատիկի չափով, այսինքն 500 հազար դրամ»: Ինչ վերաբերում է բնությանը պատճառված մնասի վերականգնմանը, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ պատկան մարմինները կարող են սեփականատերերին պարտավորեցնել բնությունը բերել նախկին տեսքին:

Լրագրողը հետաքրքրվեց, թե մասնավորապես որ պետական մարմինն է պատասխանատվության ենթարկվելու, որ պատշաճ չի վերահսկել, որ նման դեպքեր չլինեն, Էրիկ Գրիգորյանն արձագանքեց. «Նման վթարների համար պատասխանատուները կոնկրետ տնտեսվարողներն են, սակայն կան պետական որոշակի լծակներ՝ լինեն իրականացվող տեխնիկական անվտանգությունը, տեսչական ստուգումները, նրանք պետք է ընթացիկ գործունեություն իրականացնեն: Քաջարանից 32 կմ խողովակաշարով պոչամբարի ամբողջ խյուսը մղվում է Արծվանիկի պոչամբար: Այդ համակարգը կառուցվել է 1977 թվականին: նախկինում ևս վթարներ եղել են և որոշակի խնդիրներ, այո, կան»:

  • Կիսվել: