կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է «Լեոնտևյան կենտրոնի» ոսկե մեդալով

Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է «Լեոնտևյան կենտրոնի» ոսկե մեդալով

ՀՀ նախկին վարչապետ (2008-2014), Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախկին նախագահ (2016-2020), Եվրասիական զարգացման բանկի կառավարման փոխնախագահ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում պարգևատրվել է «Լեոնտևյան միջազգային կենտրոնի» ոսկե մեդալով՝ Հայաստանի տնտեսական բարեփոխումներում, ինչպես նաև մեր երկրի տնտեսության շուկայական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծագույն ներդրման համար։

«Լեոնտևյան միջազգային կենտրոնը» հիմնադրվել է 1991 թ-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Վասիլի Լեոնտևի, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի այդ ժամանակվա քաղաքապետ, ականավոր պետական ու քաղաքական գործիչ Անատոլի Սոբչակի նախաձեռնությամբ, որի նպատակն է եղել փորձագիտական աջակցությամբ օգնել Ռուսաստանի՝ շուկայական տնտեսությանն անցման բարեփոխումներին։ Հիմա «Լեոնտևյան կենտրոնը» գործում է իբրև անկախ հետազոտական ու խորհրդատվական կազմակերպություն։

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի տնտեսական ու բանկային համակարգերի հիմնադրման ակունքներում է կանգնած։ Նա անմիջապես մասնակցել է 1993 թ-ին հայկական արժույթի՝ դրամի ներդրմանը, լինելով երեք մասնագետից կազմված պետական հանձնաժողովի անդամ, 1998 թ-ից գլխավորել է ՀՀ Կենտրոնական բանկը՝ դարձնելով Հայաստանի ֆինանսական համակարգը ԱՊՀ տարածքում ամենակայուններից մեկն ու իրականացնելով լայնամասշտաբ բարեփոխումներ։ Իր ղեկավարման տարիներին մինչև 2000-ականների կեսը բազմաթիվ հետաքննությունների ու քրեական գործերի արդյունքում ֆինանսական համակարգից դուրս են մղվել մի շարք քրեական տարրեր ու դադարեցվել է գումարների անօրինական շարժը։

2008 - 2014 թվականներին Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու Հայաստանում քաղաքական խորը ճգնաժամի օրերին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Վարել է հակաճգնաժամային քաղաքականություն տնտեսության իրական հատվածի աջակցման, ենթակառուցվածքների ստեղծման ու հասարակական ոլորտի աջակցության միջոցով։ Վարել է տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, ստեղծել է էլեկտրոնային կառավարություն, իրականացրել է մի շարք կարևոր բարելավումներ կառավարման համակարգում։ Գործարկել է պարտադիր ավտոապահովագրություն համակարգը։ Իր կառավարման օրերին վերացվել է հեռահաղորդակցության ու օդային հաղորդակցության ոլորտների մենաշնորհային իրավիճակը։ Վարել է եվրոպական կառույցների հետ ու զուգահեռաբար Եվրասիական տնտեսական միության հետ մերձեցման քաղաքականություն, գրում է 24news.am-ը:

  • Կիսվել: