շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Թավշյա հեղափոխությունը» կրթական համակարգը փոխելու հնարավորություն է տվել. ՀԲ զեկույց

«Թավշյա հեղափոխությունը» կրթական համակարգը փոխելու հնարավորություն է տվել. ՀԲ զեկույց

«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը փոփոխելու եւ դրա արդյունավետությունը բարձրացնելու նոր հնարավորություններ է բացել։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։

«Պետական համալսարաններում ստեղծվել են հոգաբարձուների նոր խորհուրդներ, եւ հույս կա, որ դրանք կգործեն որպես անկախ եւ կոմպետենտ մարմիններ։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է բարձրագույն կրթության հանդեպ ռազմավարական մոտեցում մշակել, բարձրագույն կրթության մասին նոր օրենք ընդունել եւ բարելավել համակարգի կառավարումը»,-նշված է զեկույցում։

ՀԲ զեկույցում նաև ասվում է, որ, այդ ամենով հանդերձ, Հայաստանի համալսարանները շարունակում են բախվել լուրջ ֆինանսական դժվարությունների՝ վերջին երկու տարիներին ուսանողների թվի կրճատման պատճառով, եւ որոշ մասնավոր համալսարաններ կարող են պարզապես չգոյատեւել այս իրավիճակում։

Զեկույցի հեղինակները նաև խորհուրդներ են տալիս Հայաստանում կրթության որակի բարելավմանն ուղղված: Նրանք նշում են, որ անհրաժեշտ է շտապ կարգով մշակել բարձրագույն կրթության ռազմավարություն եւ բարձրագույն կրթության մասին նոր օրենք, որովհետեւ «գործող օրենքը հնացած է, քանի որ ընդունվել է 2004 թվականին՝ դեռեւս Բոլոնյան համակարգին Հայաստանի միանալուց առաջ»։

Բացի այդ՝ կառավարման համակարգը պետք է բազային կարգավորման տեսակետից հավասար պայմաններ ապահովի պետական, մասնավոր եւ միջազգային կրթական հաստատությունների միջեւ։

Նշվում է նաև, որ ֆինանսական թափանցիկության բարձրացման համար կառավարությունը պետք է պահանջի, որ բոլոր պետական համալսարանները հրապարակայնորեն ներկայացնեն իրենց ֆինանսական տվյալները։

Այստեղ զեկույցն անդրադառնում է նաև պետության դերին՝ նշելով, որ պետությունը պետք է ներդնի ֆինանսավորում՝ հիմնված սահմանված ցուցանիշներին բուհերի համապատասխանության ամփոփիչ արդյունքների վրա։

  • Կիսվել: