շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի. Արաքսիա Սվաջյան

Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի. Արաքսիա Սվաջյան

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ ուղղված արտթերապիայի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, փախստականների հոգեբանական աջակցությանը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար բարդ ժամանակաշրջան է` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից շուրջ 120000 մեր հայրենակիցների բռնի տեղահանումը:

«Բարդ ժամանակաշրջան է նաև կրթական համակարգի համար՝ հաշվի առնելով, որ բռնի տեղահանված երեխաներն ամենախոցելի խմբերից մեկն են: Կառավարության կողմից իրականացվում են տարբեր ծրագրեր՝ դպրոցականներին և ուսանողներին առավել սահուն ներգրավելու կրթական համակարգ: Սակայն որակյալ ակադեմիական կրթություն ապահովելուն զուգահեռ՝ կարևոր է նաև հաշվի առնել, թե հոգեհուզական ինչպիսի իրավիճակում են գտնվում մեր սովորողները և ապահովել նրանց համար համապատասխան հոգեբանական աջակցություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հայտնել, որ այս տարվա սեպտեմբերից բոլոր դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիքը, ինչը ենթադրում է որոշակի աջակցություն դպրոցում սովորողներին:

«Սակայն հաշվի առնելով, որ սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի, վստահ եմ՝ այս դասընթացի շրջանակում մասնագետների ձեռք բերած գիտելիքները նպաստելու են երեխաների հետ աշխատանքի բարձր արդյունավետությանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանատանն այս ծրագրին աջակցելու համար:

Նա նշել է, որ թիրախային միջամտությանն ուղղված ծրագրերը շատ կարևոր են և հավաստում են համագործակցության շարունակականության մասին:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերահաստատել է ԱՄՆ կառավարության հանձնառությունը՝ սատարելու Հայաստանի Հանրապետությանն ավելի կայուն և ամուր հասարակություն ձևավորելու գործում, ինչին ուղղված ևս մեկ քայլ է այս ծրագիրը:

«Տեղահանությունը սթրես է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար: ԱՄՆ փորձագիտական կարողությամբ մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին՝ նպաստելով մասնագետների շրջանում կարողությունների ձևավորմանը և սատարելով տեղահանված բնակչության կարիքներին»,- ասել է դեսպանը:

Դասընթացի շրջանակում արտթերապիայի և էքսպրեսիվ թերապիայի նոր հմտություններ կփոխանցվեն ոլորտի մասնագետներին՝ հարստացնելով կարողությունների գործիքակազմը։ Վերապատրաստումները լինելու են կարիքի վրա հիմնված, ուսումնասիրվելու են արտթերապիայի մոտեցումները, ձևերը, նպատակները: Մասնակիցները գիտելիքներ կստանան տարբեր միջամտությունների մասին, որոնք համահունչ են փախստականներին և տեղահանվածներին հոգեբանական աջակցության ցուցաբերելու հիմնարար սկզբունքներին։ Դասընթացը ներառում է նաև արտթերապիայի տարատեսակ միջամտությունների գործնական կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ բաղադրիչ։ Դասընթացավարը 25 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող Դեյվիդ Միտչելն է:

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

  • Կիսվել: