կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քաղաքապետն անդրադարձել է աղմկահարույց շինթույլտվություններին

Քաղաքապետն անդրադարձել է աղմկահարույց շինթույլտվություններին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է օրերս մամուլում լայնորեն քննարկվող շինթույլտվություններին, որոնք, ըստ տարածված լուրերի, եղել են այս կամ այն նվիրատվության դիմաց:

Մարությանը, մասնավորապես, ասել է.

«Հայտարարություններ եղան, որ Խաչատրյան Գագիկի ընտանիքի հետ փոխկապակցված՝ Տերյան հինգ հասցեում գտնվող շենքի հարկերւ, որին տրված էր 12 հարկի շինթույլտվություն, քաղաքապետարանը շատացրել է, և տվել ենք 22 հարկի շինթույլտվություն և դրա դիմաց ինչ-որ բան ենք ուզել: Այս փաստաթուղթը ստորագրված է նոյեմբերի 24-ին, 2017 թ.՝ Տարոն Մարգարյանի կողմից, և այստեղ տրված է թույլտվություն՝ ադ հասցեում շենք կառուցելու՝ 22 հարկով:

Ասում էին, որ Դավթաշենում կան հինգ թե վեց շենք, որոնք 14 հարկ պետք է լինեին, բայց քանի որ քաղաքապետարանը նվերներ է վերցրել կառուցապատողից, 14 հարկի տեղը տվել է 18 հարկ: Ասեմ նաև, որ ես ասել էի, որ չեմ հիշում այդ ընկերություների անունները, և ոմանց համար դա զարմանալի էր: Այս ընկերութունը կոչվում է «Էն և Էս Քոնսթրաքշըն» ՍՊԸ, և իրենք դիմում են գրել որ ուզում են կառուցել բնակելի թաղամաս՝ վեց բնակելի բազմաֆունկցիոնալ շենքեր՝ 18 վերգետնյա և երեք ստորգետնյա հարկերով: Սա նշանակում է, որ այս ընկերությունն ի սկզբանե դիմել է 18 հարկի համար, և իր դիմումը բավարարվեկ է: Նաև այս ընկերության մոտ ինչ-որ փաստաթուղթ պակասում էր, իրենք հողային աշխատանքներ էին սկսել, բայց տուգանվել են, այսինքն՝ ոչ մի առավելություն այն ընկերություններին, որոնք նվեր են տվել Երևան քաղաքին, բացարձակապես գոյություն չունի»:

Քաղաքապետը նաև նշեց, որ եթե շենքերը կենտրոնում չեն, և ոչ մի խախտում չի արվում՝ դրանք կառուցելով, ապա հարկայնության հետ խնդիր չի առաջանում, և բարձր հարկերի դեպքում շինթույլտվություն տրվում է: Նա խոսեց նաև քաղաքի այլ հատվածներում բարձրահարկ շենքեր կառուցելու շինթույլտվությունների մասին՝ նշելով, որ դրանք կառուցողները քաղաքին ոչ մի նվեր չեն տվել, սակայն ստացել են շինթույլտվություն, հետևաբար՝ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի:

  • Կիսվել: