շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊԵԿ-ը պարզաբանում է

ՊԵԿ-ը պարզաբանում է

ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել 168.am կայքի «Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը` կառավարության աճպարարության շնորհիվ. Ինչի՞ մասին է լռում կառավարությունը» վերնագրով հրապարակման վերաբերյալ:

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել 168.am կայքի «Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը` կառավարության աճպարարության շնորհիվ. Ինչի՞ մասին է լռում կառավարությունը» վերնագրով հրապարակումը:

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետի համաձայն սահմանվել է, որ հարկային եկամուտները ներառում են նաև եկամտային հարկի վերադարձի գումարները:

Թյուրըմբռնումներից խուսափելու և առավել ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար հայտնում ենք, որ հարկ վճարողների վճարած հարկերը 2023 թվականին կազմել են 2,273.9 մլրդ դրամ, իսկ 2022 թվականին՝ 1,962.5 մլրդ դրամ, որից հիփոթեքային վարկերի տոկոսագումարների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի վերադարձը, համապատասխանաբար, կազմել է 51.9 և 36.5 մլրդ դրամ:

Հարկային եկամուտները և պետական տուրքերի ու համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը (Հարկեր/ՀՆԱ), տոկոսային արտահայտությամբ՝ 2023 թվականին կազմել է 23.9 տոկոս, իսկ 2022 թվականին՝ 23.1 տոկոս: Կատարելով պարզ թվաբանական գործողություն ստացվում է, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատ հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճել է 0,8 տոկոսային կետով: Վերադարձվող եկամտային հարկի ցուցանիշը հարկեր/ՀՆԱ հաշվարկում արտացոլելու նպատակը հարկ վճարողների վճարած հարկերի վերաբերյալ տվյալները հանրությանն առավել ամբողջական և թափանցիկ ներկայացնելն է:

Հետևաբար, հաշվարկներում եկամտային հարկի վերադարձի ցուցանիշները ներառելու կամ չներառելու հետ կապված որևէ «աճպարարություն», ինչպես որակում է լրատվամիջոցը, չկա և չի կարող լինել: Ակնհայտ է, որ տնտեսական ցուցանիշներն առավել լիարժեք և ճշգրիտ հաշվարկելու համար անհրաժեշտ է տնտեսությունից ստացված հարկերը ևս ամբողջ ծավալով արտացոլել այդ հաշվարկներում, չենք կարծում, որ կարելի է արդարացված համարել հարկ վճարողների վճարած մի քանի տասնյակ միլիարդ դրամներով վճարված հարկը տնտեսական ցուցանիշների հաշվարկներում չներառելը: 2023 թվականին տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը ճշգրտվել է՝ առաջնորդվելով վերոնշյալ տրամաբանությամբ:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսական ցուցանիշների հիման վրա եզրահանգումներ կատարելիս, առավել օբյեկտիվ արդյունք ստանալու համար, հաշվի առնել ոլորտային բոլոր առանձնահատկությունները»:

  • Կիսվել: