երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Որքանո՞վ ենք մոտ գլոբալ տաքացման 1.5°C սահմանաչափին. ներկայացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը

Որքանո՞վ ենք մոտ գլոբալ տաքացման 1.5°C սահմանաչափին. ներկայացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը

Որքանո՞վ ենք մոտ գլոբալ տաքացման 1.5°C սահմանաչափին: Տեղեկությունները ներկայացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Փարիզի համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C առավելագույն ջերմաստիճանի թույլատրելի շեմը կարող է հեռավոր իրականություն թվալ, սակայն դա կարող է սպասվածից շատ ավելի վաղ իրականանալ:

Հետևյալ հղմամբ https://shorturl.at/clmNP կարելի է տեսնել, թե որտեղ ենք մենք հիմա և որքան արագ կհասնենք սահմանված սանդղակին, եթե տաքացումը շարունակվի այսօրվա տեմպերով։

Փորձագետները ենթադրում են, որ դա տեղի կունենա 2030 թվականից մինչև 2050 թվականների սկիզբը։
Համաձայն փորձագիտական տվյալների․

«Գլոբալ տաքացումը» վերաբերում է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատությամբ որոշակի կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով Երկրի մակերևույթի գլոբալ ջերմաստիճանի 30 տարվա միջին աճին,

«Սահմանաչափին հասնելը» վերաբերում է այն պահին, երբ 30 տարվա միջին ջերմաստիճանը 1.5°C-ով գերազանցում է նախաարդյունաբերական ջերմաստիճանների արժեքներին,

«Նախաարդյունաբերական արժեքները» վերաբերում է այս դարաշրջանի մակերևութային օդի ջերմաստիճանի և Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի /IPCC/ «1.5°C գլոբալ տաքացում» զեկույցում զետեղված արժեքների մոտարկումներին։
Հավելվածը հիմնականում մոնիթորինգի գործիք է, և նախորոշված ամսաթիվը զուտ լուսաբանման համար է և չպետք է մեկնաբանվի որպես կանխատեսում։

Կլիմայի տաքացման միտումները Հայաստանում

Օդի ջերմաստիճանի աճի տեմպերը Հայաստանում գերազանցում են գլոբալ տաքացման միջին տեմպերը։ Այսպես, 1935-2023թթ․ ժամանակահատվածում օդի միջին տարեկան ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6°C-ով, իսկ աշխարհում՝ 1․0°C-ով։ Օդի ջերմաստիճանի աճման միտումները զգալիորեն ինտենսիվացել են Հայաստանում սկսած 2000-ականների սկզբից՝ կազմելով ավելի քան 0․6°C/10 տարի։ Վերջին երկու տասնամյակում դիտվեցին ամենատաք չորս տարիները՝ 2010թ․, 2018թ․, 2023թ․ և 2021թ․։

Օդի ջերմաստիճանի ամենաինտենսիվ աճը Հայաստանում տեղի է ունենում ամռան սեզոնին՝ հասնելով 2․0°C-ի։ Դրա հետևանքով վերջին 3 տասնամյակներում Հայաստանում աճել է երաշտով օրերի թիվը՝ միջինը 8-10 օրով։

Երկարատև շոգ օրերի՝ ջերմային ալիքների, տևողությունը Երևանում աճել է 5-7 օրով։ Սաստիկ շոգ եղանակներով օրերը վերջին տասնամյակում դարձել են 2 անգամ ավելի հաճախակի ամբողջ Հանրապետությունում։

Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 43․7°C, դիտվել է 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, իսկ 2017թ․ և 2018թ․ ամռանը օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում գերազանցել է 42°C-ը։

  • Կիսվել: