շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբն այցով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում էր

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբն այցով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում էր

Ապրիլի 18-ից 19-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում էր։ Այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանն ու մեթոդական օգնության ցուցաբերմանը։
 
Մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից պատասխանատու ոլորտների ծառայողներ։
 
Օրակարգի համաձայն աշխատանքների մեկնարկն ազդարարվեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում աշխատանքային խորհրդակցության անցկացումով, որին մասնակցում էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Խորհրդակցության ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար փ/ծ գնդապետ Կարապետյանը ներկայացրեց այցի նպատակը, նշելով, որ համալիր ստուգումները միտված են վեր հանելու առկա խնդիրները և տեղում մեթոդական-մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերել անձնակազմին՝ ծառայությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։
 
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանը ՓԾ տնօրենի տեղակալին ներկայացրեց վարչության ընթացիկ աշխատանքները․ քննարկումների ընթացքում վեր հանվեցին առկա խնդիրները և նախանշվեցին առաջիկա անելիքները։
Խորհրդակցությունից հետո աշխատանքային խումբն այցելեց մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներ։
 
Այցի շրջանակներում Տնօրենի տեղակալը եղավ մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատներում, հետևեց ընթացիկ աշխատանքներին, ծառայության կրման պայմաններին, զրուցեց անձնակազմի հետ։ Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվեցին ծառայողների արտաքին տեսքը, շարային կեցվածքը, ծառայողական վկայականների առկայությունը։
 
Ջոկատներում հայտարարվեց ուսումնական տագնապ և իրականացվեց անձնակազմի հավաք: Ստուգվեցին ծառայողների ընդհանուր պատրաստվածությունը, տագնապային պայուսակների առկայությունն ու համալրվածությունը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների տեխնիկական հագեցվածությունը։
 
Ծառայողների գործնական հմտությունները ստուգելու նպատակով մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում անցկացվեցին հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ․ Վայքի, Եղեգնաձորի և Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատներում անցկացվեցին համապատասխանաբար «Հրդեհաշիջումը սպորտդպրոցում», «Հրդեհաշիջումը ավտոմեքենայում» և «Հրդեհաշիջումն ավտոմեքենայում և ՀՓՋ-ի տանիքում» թեմաներով ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում աշխատանքային խմբի անդամներն իրական ժամանակում ստուգեցին հրշեջ-փրկարարների օպերատիվ-տակտիկական հնարավորությունները, ինչպես նաև մարտական պատրաստվածությունը։
 
ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատու ոլորտների ծառայողները վարժանքի ավարտին վերլուծեցին արդյունքները, տեղում վեր հանեցին թերացումները և անձնակազմին տվեցին մասնագիտական խորհուրդներ։
 
Ամփոփելով աշխատանքները ՓԾ տնօրենի տեղակալը հորդորեց հետևել մասնագետների ցուցումներին, տվեց հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։

  • Կիսվել: