երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Մշակույթի գործիչները խոսել են Քոչարյանին աջակցող հայտարարության տակ իրենց անունները հայտնվեու մասին

Մշակույթի գործիչները խոսել են Քոչարյանին աջակցող հայտարարության տակ իրենց անունները հայտնվեու մասին

Այսօր ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն տարածվեց, որի տակ տեղադրված էին մի քանի տասնյակ հայտնի մարդկանց անուն-ազգանուններ: Նշվում էր, որ այդ մարդիկ կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ 

«Հայկական ժամանակը» գրում է, որ ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող մշակույթի գործիչները, երգիչներն ու դերասանները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում սկսեցին հերքել, որ իրենք որեւէ ստորագրահավաքի են մասնակցել: Սա առիթ դարձավ, որ համացանցում այս թեմայով նույնիսկ հումորներ տեղադրվեն: 

Աղբյուրը նշում է. «ՀԺ-ն եւս փորձեց մեկնաբանություններ ստանալ: Շուրջ մեկ տասնյակ «աստղերին» մեր զանգերը կա՛մ անպատասխան մնացին, կա՛մ նրանք խնդրեցին իրենց անունից ոչինչ չգրել՝ բացատրելով իրավիճակը, որում հայտնվել են: Նրանց պարզաբանումներից հասկացվեց, որ հայտարարության տեքստին չեն ծանոթացել, որեւէ տեղ չեն ստորագրել, բայց հաշվի առնելով դիմողի անձը՝ չեն մերժել իրենց անվան հրապարակումը: 

Մեր զանգին պատասխանած միակ անձը, որ չհրաժարվեց իր ստորագրությունից, դերասանուհի Լուիզա Ղամբարյանն էր.

«Ես ստորագրել եմ, չեմ հրաժարվում, այո՛». հայտարարեց դերասանուհին: Այդ թեմայով նա հրաժարվեց խոսել՝ մեր բոլոր հարցերին ի պատասխան կրկնելով. «Այդ թեմայի շուրջ ես որեւէ բան չունեմ պատասխանելու»:

ArmDaily.am-ի հետ զրույցում  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը նշեց, որ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում.«Եվ քաղաքական հայտարարության տակ չեմ ստորագրել: Ես զբաղվում եմ իմ գործով՝ մշակույթով: Ինձ ոչ մի թուղթ չեն տվել ստորագրելու»: Հարցին՝ չի՞ պատրաստվում դիմել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, պարզելու, թե ինչո՞ւ է իր անունն այդ ցուցակում, Գևոգյանը պատասխանեց.«Ինձ զանգել են գրասենյակից, հարցրել են՝ պարոն Գևորգյան, դուք կո՞ղմ եք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, ես էլ ասել եմ՝ ովքեր մեղավոր են, պետք է արժանի պատիժ կրեն, պետք է պատժվեն մեղավորները: Ես բանավոր իրենց այս պատասխանն եմ տվել»:

ArmDaily.am-ը զրուցել է նաև Գեղամ Մանուկյանի հետ. «Հարցին, թե ինչպես է «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան Գեղամ Մանուկյանի անունը հայտնվել մշակույթի գործիչների շարքում, Մանուկյանը նշեց.«Անկեղծ ասած, չեմ կարող ասել, առաջարկեցին և աչքովս ընկավ, որ լրագրողներ էլ կային։ Եվ դա լավ է, որ լրագրությունը նաև արվեստ, մշակույթ են համարում»։

Հարցին, թե ով է առաջարկություն արել, Մանուկյանը պատասխանեց, որ դժվարանում է հիշել։

Դիտարկմանը՝ արդյոք դա չի կաշկանդի լրատվականի ղեկավարին՝ իր մասնագիտական գործունեության օբյեկտիվության մեջ, վերջինս նկատեց. «Վստահաբար ոչ։ Ժամանակին՝ տարիներ առաջ, եղել են բազմաթիվ դեպքեր մեր նորանկախ Հայաստանի 30 տարիներին, երբ որ այս կամ այն հարցի շուրջ նաև լրագրողներն են մասնակցել ընդհանուր ստորագրահավաքի, ընդհանուր հայտարարությունների ընդունման։ Դրանում ոչ մի կաշկանդող բան չա, եթե մարդ չի ուզում կաշկանդված լինել»։

ArmDaily.am-ի հետ զրույցում դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը սկզբում նշեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում, հետո ասաց, որ ոչ ոքից առաջարկ չի ստացել՝ պարզապես միացել է հայտարարությանը. «Այնտեղ պարզ գրված է, թե ինչի համար եմ ստորագրել, հիմա ինչ եք ուզում։ Առաջարկ չեմ ստացել, դիրքորոշումս է այդպիսին»։

Թեմայի մասին զրուցելու համար ArmDaily.am-ը զանգահարեց Գուժ Մանուկյանին, վերջինիս հեռախոսահամարին պատասխանած կինն ասաց, որ դերասանը չի կարող խոսել, իսկ ինքը պատասխանատու անձ է։

Հարցին, արդյոք Մանուկյանը ստորագրել է այդ հայտարարության տակ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Արվեստագետները քաղաքականությամբ չեն զբաղվում։ Պարույր Սևակին երևի լավ կիմանաք, երբ որ իզուր հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում։ Անիմաստ հարցեր եք ուղղում պարոն Մանուկյանին, ով ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում»։

Դիտարմանը, թե այնուամենայնիվ տեղյակ եղել է, ստորագրել է թե ոչ, տիկինը պատասխանեց.

«Ինչ ստորագրության մասին է խոսքը, ես ասեցի, որ նա քաղաքականությամբ  ընդհանրապես  չի զբաղվել և չի զբաղվում, դա է պատասխանը»։

 

Մշակութային գործիչներից մեկնաբանություններ է փորձել ստանալ նաև Armtimes.com-ը:

«Ես ստորագրությունը տվել եմ միայն նրա համար, որ եթե հնարավոր է, Ռոբերտ Քոչարյանին բաց թողնեն գրավով: Մնացած հարցերը ինձ բոլորովին չեն հետաքրքրում». մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով ստորագրահավաքին՝ Armtimes.com-ին ասաց երգչուհի Գայանե Հովհաննիսյանը:

- Տիկին Հովհաննիսյան, ի՞նչն է պատճառը, որ միացել եք ստորագրահավաքին:

- Ես կարծում եմ, որ բոլորն էլ, այդ 60 հոգին, որ ստորագրություն են տվել…ես կարծում եմ, որ եթե մարդուն գրավի դիմաց բաց թողնեն, դրա մեջ կրիմինալ չկա:

- Հայտարարությունում նշված է. «Մեզ չկարողացան համոզել, որ եթե նա ազատության մեջ լինի, ապա կարող է խուսափել արդարադատությունից այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի»։ Ինչո՞ւ եք վստահ, որ ազատության մեջ լինելով նա չի փորձի ազդել վկաների վրա եւ դրանով իսկ խուսափել արդարադատությունից:

- Ես կարծում եմ, որ եթե նա լինի ազատության մեջ, ոչ մի խոչընդոտ լինել չի կարող:

- Քիչ առաջ, օրինակ, ոստիկանությունը հրապարակեց տեսանյութ այն մասին, թե ինչպես է Քոչարյանի աջակիցներից մեկը փորձել գործով տուժողներից մեկին կաշառել, որ նա հրաժարվի ցուցմունքից:

- Գիտե՞ք ինչ, ես գործ չունեմ ուրիշների հետ, ես պատասխան եմ տալիս միայն ինձ համար, մնացածները ինչ են անում, դա ինձ բոլորովին չի վերաբերում:

- Տիկին Հովհաննիսյան տարածված հայտարարությունում նշված է նաեւ. «Բայց մենք հայեր ենք, հայկական արմատներ ունենք, եւ մեզ անհանգստացնում է բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում։ Անհանգստացնում է չարության եւ թշնամանքի ապակառուցողական մթնոլորտը»։ Դուք չարության ու թշնամանքի մթնոլո՞րտ եք նկատում ՀՀ-ում:

- Գիտե՞ք ինչ, ես ձեզ խնդրում եմ, ինձ նման հարցեր մի տվեք, միեւնույն է ես ձեր հարցին չեմ պատասխանում:

- Բայց դա գրված է հայտարարությունում եւ դրա տակ նաեւ ձեր ազգանունն է:

- Ես ստորագրությունը տվել եմ միայն նրա համար, որ եթե հնարավոր է, Ռոբերտ Քոչարյանին բաց թողնեն գրավով: Մնացած հարցերը ինձ բոլորովին չի հետաքրքրում:

Հովհաննիսյանը անջատեց հեռախոսը՝ հրաժարվելով պատասխանել մեր այլ հարցերին:

 

Araratnews.am-ը նույնպես կապ է հաստատել մշակույթի գործիչներից ոմանց հետ, և ահա թե ինչ պատասխաններ է ստացել:

Araratnews.am-ը զանգահարեց Սամվել Գրիգորյանին՝ ստորագրահավաքի մասին խոսելու:

Պարո՛ն Գրիգորյան, ո՞վ է Ձեզ առաջարկել միանալ Ռ. Քոչարյանի ստորագրահավաքին միանալու առաջարկին:

Դա կարևո՞ր է:

Հաշվի առնելով, թե ում մասին ենք խոսում, այո:

Մյուս հարցը տվեք:

Հայտարարության մեջ ատելության, թշնամանքի մասին էր խոսվում: Ատելություն ու թշնամանք որտե՞ղ եւ ե՞րբ եք տեսել: 

Դուք եթե տեսնեք՝ ինչ է կատարվում իմ «Ֆեյսբուքում», ինչ նամակներ են ուղարկում, կհամոզվեք:

Նամակներն այսօ՞ր եք ստացել: 

Առավոտվանից եւ մի քանի ամիս առաջ, երբ խոսում էի պատգամավորներից մեկի մասին, որը վիրավորական տոնով դիմել էր շոուբիզնեսին, դրանից հետո աշխարհի ամենակեղտոտ եւ սրիկա խոսքերն ուղղվեցին ինձ: Ինչի՞ համար: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ուզում ենք՝ լավ լինի: Որքանո՞վ է ճիշտ ներսից իրար միս ուտելը: Դա իմ կարծիքն է, ու դա չի նշանակում, որ ես տականք եմ, դավաճան եմ կամ թուրք:

Մի քանի քաղաքացու խոսքերը հիմք ընդունելով՝ համարում եք, որ երկրում ատելության մթնոլորտ կա՞:

Մի քանիսի մասին չէ խոսքը, այլ հարյուրավոր նամակների: Ես, կարծում եմ, նաև դուք, ուզում ենք ունենալ լավ երկիր, փոխհարաբերություն: Արդյոք նման ատելությամբ կարող ենք դա ունենալ: Սա է իմ կարծիքը: Երբ կապացուցվի, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես եղել է մարդասպան, մասսայական ներողություն եմ խնդրելու բոլորի առաջ, որ այդ 60 հոգուց մեկն եմ եղել:

Այսինքն՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները, տուժող կողմի հայտարարությունները, նկատի ունեմ նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների, Ձեզ համար հիմնավորվա՞ծ չեն:

Երբ մեղադրանք կառաջադրվի, ես ներողություն կխնդրեմ (նկատի ունի դատավճռով հաստատվի մեղադրանքը-հեղ.)

Հայտարարության մեջ գրված է՝ Ռոբերտ Քոչարյանին անձամբ շատերն են ճանաչում: Ձեզ, օրինակ, երբեւէ հետաքրքրե՞լ է, թե ինչպես է Քոչարյանին հաջողվել Արցախից գալ Հայաստան, հարստանալ, միլիոններ ունենալ: 

Ներողություն, իսկ Պուտինը միլիոններ չունի՞: Թե՞ Անգելա Մերկելը չունի:

Բայց Պուտինն ու Անգելա Մերկելը Հայաստանի հետ առնչություն չունեն: Մենք հիմա խոսում ենք մեր երկրի հետ առնչվող անձի մասին:

Բիզնեսմենները լինում են մեծահարուստներ: Բոլոր երկրներում էլ դա կա: Ինչի՞ եք առանձնացնում Հայաստանը: Իսկ ինչի՞ չի անհանգստացնում այն, որ այսօրվա ղեկավարությունը շռայլ ծախսեր է անում: Ես ինքս երազում եմ ունենալ լավ երկիր, ուզում եմ ապրել այդ երկրում, չեմ ուզում փախնել գնալ այլ երկիր: Ես այստեղ ծնվել եմ, այստեղ պետք է մեռնեմ:

Բացի Ռոբերտ Քոչարյանից՝ այլ քաղաքացիներ, պաշտոնյաներ եւս դատական պրոցեսների մեջ են: Բայց այսքանի միջից հայտնի դեմքերը միայն Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու ստորագրահավաքին են միացել: 

Միայն Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանն ե՞ն քանդել այս երկիրը:

Իսկ ըստ Ձեզ, է՞լ ովքեր կան:

Ձեր կարծիքով՝ այս երկուսն էին:

Ես Ձեզ եմ հարցնում:

Դուք կարո՞ղ եք ասել, որ այդ երկուսն են երկիրը քանդել ու կերել:

Սերժ Սարգսյանին եւս առաջադրվել է մեղադրանք:

Կներեք, երբ հեղափոխությունը սկսվեց, առաջիններից եմ եղել, որ կանգնել եմ հրապարակում ու լիդերի կողքին եմ եղել: Ինքնակամ համերգ եմ վարել ուղիղ եթերում: Ի՞նչ ունենք այսօր: Դեպի ապագան լա՞վն եք տեսնում. միայն ատելություն ու կեղտոտ մեկնաբանություն: Բա կարելի՞ է: Եթե ես այդ կարծիքին եմ, չի նշանակում՝ ես թուրք եմ ու տականք եմ:

Հետաքրքիր է՝ Ձեր քույրը՝ Արմինե Գրիգորյանը, պաշտպանում է իշխանությանը, անգամ ասել էր՝ աղոթում է  Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի  համար: Նրա համար սպասելի՞ էր Ձեր դիրքորոշումը:

Ամեն մարդ ունի կարծիք: Երբ կպարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է եղել, ես կկանգնեմ ձեր կողքն ու կասեմ՝ Քոչարյանը տականք է, մարդասպան, պետք է նստի:

Իսկ Արմինե Գրիգորյանի համար սպասելի՞ էր Ձեր դիրքորոշումը:

Կարծում եմ՝ ոչ, քանի որ նա իր տեսակետն ունի, որը լրիվ հակառակ դիրքորոշումն ունի:

Սոցիալական ցանցի օգտատերերը Քոչարյանի ազատության ստորագրահավաքին միացածներին հարցնում էին՝ որտեղ էին այս մարդիկ, երբ 2008 թվի մարտի մեկին զոհվեց 10 ցուցարար, երբ մարտի մեկի շարժման լիդերներին, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին, ծեծում էին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Ես տեղեկություններ չունեմ, բայց կրկնում եմ՝ եթե իսկապես պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, 10 մարդու սպանության մեղավորն ինքն է եղել, կկանգնեմ այն մարդկանց կողքին, որոնք կողմ են, որ Քոչարյանը նստի: Բայց ապացուցված չէ այդ ամենը: 1 տարի ու 7 ամիս չի ապացուցվում դա: Արհեստավարժ չեմ իրավական դաշտում, բայց չի կարելի մարդուն 1 տարի ու 7 ամիս բանտում պահել եւ ոչ մի մեղադրական չներկայացնել:

Հիշո՞ւմ եք՝ ինչ էր կատարվում 2008-ի մարտի մեկից հետո:

Շատ լավ հիշում եմ, ցավում եմ այդ ամենի համար: Թող գտնվի դրա պատասխանատուն, այլ ոչ թե երկար ձգել, ձգել:

Ընդդիմախոսները դա են հարցնում՝ ինչու այսօրվա ստորագրողները չկանգնեցին Մարտի մեկի շարժման լիդերների, խաղաղ ցուցարարների կողքին, երբ իշխանությունը ուժ էր կիրառում նրանց հանդեպ: 

Իմ խնդրանքը հետեւյալն է՝ եթե ինչ-որ բան եք գրելու մեր զրույցից, գրեք՝ երազանքս է ունենալ ազնիվ, խաղաղ երկիր: Սա իմ տունն է, տեղն է, գերեզմաններն են այստեղ:

Չպատասխանեցիք իմ հարցին:

Ամեն դեպքում՝ ամենայն բարիք ձեզ:

Հիշեցնենք՝ Արմինե Գրիգորյանը սատարում է իշխանությանը, Թավշյա հեղափոխությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշվում է, որ աղբյուրը կապ է հաստատել նաև Սամվել Գրիգորյանի քրոջ՝ Արմինե Գրիգորյանի հետ:

Տիկին Գրիգորյան, Ձեր եղբայրը եւս միացել է Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին: Սպասելի՞ էր Ձեզ համար: 

Չէ, սպասելի չէր: Ես շոկի մեջ եմ: Նա ոչ մի տեղ չի ստորագրել, երեւի տենց գրել են: Երեւի թե գիտեք, որ ես դեմ եմ… ամբողջ կյանքս դժոխքով է անցել 1998 թվականից սկսած: Դժոխքի միջով եմ անցել:

Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում չի հերքել, որ միացել է ստորագրահավաքին, իր կարծիքն է ասել: 

Ես շոկի մեջ եմ, չգիտեմ՝ ոնց են ուղեղը լվացել, որ տենց բան է արել: Ես նրա հետ դեռ չեմ խոսել: Գուցե ինքն էլ իր արգումենտներն ունի, որոնք ձեզ ասել է: Ինքը շատ կողմ էր հեղափոխությանը: Ինչ ասեմ՝ Քոչարյանը պառակտում է ընտանիքներ, չնայած՝ մեր ընտանիքում չի կարող պառակտում լինել: Պարզապես Սամվելն իր կարծիքն ունի: Բայց որ իմանաս, որ Սամվելը Քոչարյանի օրոք աշխատել է, կասես՝ աշխատել է, չի կարող ուրանալ: Ուղղակի շրջապատից է գալիս, Քոչարյանի կողմնակիցներն են, խելքն ու ուղեղը կերել են: Ամեն դեպքում շատ վատ եմ նայում այդ ամեն ինչին: Սամվելն իմ եղբայրն է, իմ ամեն ինչը, իմ կյանքն ու թագավորն է, աստվածը, բայց դա իր կարծիքն է:

Դուք ասացիք՝ դժոխքով եք անցել Քոչարյանի օրոք: Ի՞նչ նկատի ունեք, արդյոք Ձեր եղբայրը դժոխքի միջով չի անցել:

Հեռախոսով չեմ ուզում մանրամասնել: Նենց չի, որ դժգոհում եմ իմ կաշվի համար: Առաջնայինը երկրի շահերն են, հետո՝ իմը: Այն, որ դժոխքով եմ անցել, ինձ համար երկրորդական է, առաջնայինը երկրի շահն է: Շատ լավ հիշում եմ մինչեւ 1998-ը եւ դրանից հետո: Մարդիկ երեւի մոռացել են այդ ամենը: Այն, ինչ ես եմ ապրել… այսօր ինչ-որ լակոտներ՝ այսօր՝ մեկ, երեկ՝ երկու, ինչ-որ երգիչներ, ասում են՝ երկրի համար այնքան բան ենք արել: Բա ես ի՞նչ ասեմ: Մեն-մենակ այն թվին համայնքի դեմ եմ դուրս եկել: Իմ ոլորտից ոչ ոք չի եղել: Մենակ քարկոծել են, ձեռք են առել, հետ են գցել ամեն ինչից: Այդքանից հետո ես 20 տարի սպասել եմ:

Բացի հայ հայտնիներից՝  ՌԴ-ից եւս  մշակույթի հայտնի գործիչներ միացել են այս ստորագրահավաքին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: Արդյոք նրանք լավ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որ ստորագրահավաքին միացել են:

Մարգարիտա Սիմոնյանը միշտ էլ դեմ է եղել հեղափոխությանը: Ես վստահ եմ, որ այդ ցուցակից շատերը հերքելու են իրենց միացած լինելը:

 

Այսինքն՝ զարմանալի չէ՞, որ Ռուսաստանից եւս միացել են ստորագրահավաքին: 

Զարմանալի է, բայց կան անուններ, որոնց դեպքում այդքան էլ զարմանալի չէ: Տեղեկանում են ամեն ինչից: Ես, համենայնդեպս, շատ վատ եմ վերաբերվում այդ ամենին: Հազիվ երկիրն ուզում է ոտքի կանգնի, ու ուզում են պառակտում մտցնեն, արդեն ընտանիք են մտցնում: Չէի ուզի, որ իմ եղբայրն այդտեղ լիներ: Կարծում եմ՝ եղբայրս ինչ-որ մի բան, հերքում կտա:

Իսկ ահա ArmDay.am-ը զրուցել է երգիչ Էրիկ Կարապետյանի հետ:

«Ես չեմ տեսել այդ հայտարարությունը, չգիտեմ ոնց է հրապարակվել: Այս պահին չեմ կարող որեւէ հարցի պատասխանել: Ես գիտեմ, որ իմ անունը կա այդ ցանկում, ես չգիտեմ ոնց է հրապարակվել, որ դրան արձագանքեմ»,- այս մասին  ArmDay.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Էրիկ Կարապետյանն՝ անդարադառնալով այն հանգամանքին, որ 60 մշակութային գործիչների հետ միասնական հայտարարություն է տարածել՝ պահանջելով փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջացը:

Հարցին՝ ինչու՞ է որոշել միանալ այդ հայտարարությանը, Էրիկ Կարապետյանը պատասխանեց. «Ինչու-ի պատասխանն այնտեղ շատ լավ ձեւակերպված է: Միտքը լավ ձեւակերպված է: Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ հպարտ եմ, որ նա եղել է մեր երկրի նախագահը»:

Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞ որ այս քայլը բացասական ազդեցություն կունենա իր երգարվեստի վրա, երգիչը պատասխանեց. «Ես ընդհանարպես չեմ մտածում, ամեն քաղաքացի այս երկորում կարող է իր միտքն արտահայտել, մեկը մյուսի հետ կապել չի կարելի: Չի կարելի թշնամանալ ինչ-որ կարծիքի, այնպես չէ, որ այս իշխանության մեջ ընկերներ չունեմ կամ չեմ ուզում, որ ամեն ինչ լավ լինի»:

Հիշեցնենք, որ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

 

  • Կիսվել: