կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մի շարք փողոցներում ծառերի փոխարինման աշխատանքներ կիրականացվեն

Մի շարք փողոցներում ծառերի փոխարինման աշխատանքներ կիրականացվեն

Գարնանը նախատեսում ենք ծառերի փոխարինման աշխատանքներ իրականացնել Ալեք Մանուկյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցներում: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը:

Նրա խոսքով, ծառերի փոխարինումը դեռևս 2023 թվականին հաստատված ծրագրի շրջանակներում է իրականացվում, որի նպատակն է փոխարինել կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերը ֆունկցիոնալ և գեղազդարդ ծառատեսակներով:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հատվող ծառերը փոխարինվելու են սակուրաներով, նա պատասխանեց, որ 2023 թվականին կազմակերպությունը մեծ թվով ծառատեսակներ է ձեռք բերել, որոնց ընդամենը 15-20 տոկոսն են կազմում սակուրաները:

«2023 թվականին, երբ նոր էինք սկսել ծրագիրը իրականացնել, մարդկանց մոտ թյուրըմբռնում կար, թե բոլոր թեղիները փոխարինելու ենք սակուրաներով: Հիմա լայնամաշտաբ իրազեկել ենք, հանդիպումներ ենք ունեցել թե՛ բնակիչների, թե՛ քաղաքական ուժերի հետ: Մեր գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստին ներկա են եղել ավագանու անդամները, այսինքն գաղտնի ոչինչ չկա»,-ասաց Արթուր Խալաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք բնակչներն իրազեկված են աշխատանքների մասին և կողմ են դրանց:

Նրա խոսքով, քաղաքացիները կարող են վստահ լինել, որ հատվող ծառերը փոխարինվելու են նորերով և որպես ապացույց, կարող են դիտարկել նախորդ աշխատանքները:

«Մոսկովյան փողոցում հին ծառերը փոխարինվել են սակուրաներով, Սայաթ-Նովայի պողոտայում՝ գնդաձև սոսիներով և այլն: Արված գործից լավ ապացույց, կարծում եմ չկա»,-նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ծառերի փոխարինումը կարող է ազդել քաղաքի կոլորիտի վրա, Արթուր Խալաթյանն ասաց, որ փոխարինվում են թեղի մանրատերև տեսակի ծառերը, որոնք քաղաքի կոլորիտ չեն հանդիսանում: Նա նշեց նաև, որ Երևանի կոլորիտ են համարվում արևելյան սոսին, ամառային կաղնին, որոնք աշխատակիցները սրբորեն պահում ենք, անգամ էտումներն ենք զգուշորեն իրականացնում:

  • Կիսվել: