Մարտի 1-ին հաջորդած հանրահավաքներից կարծես թե առաջինը. Թորոսյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում 2008 թվականի լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ նկարում ինքն է, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու իրենց այլ ընկերներ:
Նախարարի ամբողջական գրառումը՝ ստորև.
«‼️20.06.2008թ. Մատենադարան, Մարտի 1-ին հաջորդած հանրահավաքներից կարծես թե առաջինը:
Նկարում ես եմ, Արայիկ Հարությունյանը և մեր այլ ընկերներ, ովքեր դեռ շատ վաղուց հավատում էին, որ ունենալու են ժողովրդավար, առաջադեմ և զարգացող պետություն:
Մի մեծ քայլ այդ ճանապարհին արվել է` ավտորիտար ու երկիրը թալանող ռեժիմը կազմաքանդվել է, սակայն դեռ առջևում շատ գործ կա անելու: Պետք է էական բարեփոխումների ենթարկվեն երկրի գրեթե բոլոր կարևորագույն համակարգերը: Բարեփոխումները երբեմն դիմադրության են արժանանում մի շարք քաղաքացիների կողմից, քանի որ հարմարավետության զոնայի մեջ ապրելը միշտ ավելի հեշտ է, քան ինչ-որ բան դրականորեն փոխելը և առաջ գնալը:
Ուզում էի ասել, որ մեր ժողովրդի հետ մեկտեղ առաջ գնալուն ու առաջընթացին այլընտրանք չկա: Ընտրությունը կատարված է: Հետընթաց չի լինելու, Հայաստանը դառնալու է զարգացած ու առաջադեմ երկիր»: