երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խորհրդակցություն Արթիկի համայնքապետարանում. անդրադարձ է եղել համայնքում բիզնես միջավայրի ակտիվացմանը

Խորհրդակցություն Արթիկի համայնքապետարանում. անդրադարձ է եղել համայնքում բիզնես միջավայրի ակտիվացմանը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այցելությունները համայնքներ շարունակական բնույթ են կրելու և նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել առարկայական դարձնել․ «Ինձ համար կարևոր է այցելել համայնքներ, տեղում շփվել պատասխանատուների, քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին նրանց դիտարկումները։ Անմիջական քննարկումներով ու այցելություններով կկարողանանք առավել արագ գտնել համայնքային խնդիրների լուծման ուղիներն ու համատեղ աշխատանքով քայլ-քայլ գնալ առաջ»։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և անդրադարձել անցած մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, որից հետո համայնքապետարանի պատասխանատուներն ըստ ոլորտների զեկուցել են իրականացված ծրագրերի մասին։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին։ Մարզպետին է զեկուցվել, որ համայնքի կողմից 2023֊ին ըստ նախնական տվյալների շուրջ 695մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացվել։ Նախատեսվում է Արթիկ քաղաքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, ճանապարհաշինական, մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացում։

Կարևորելով պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ մարզպետը պատասխանատուներին հորդորել է սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել հենց առաջնային լուծում պահանջող խնդիրների համար, ուշադրություն դարձնել ծրագրային փաթեթներին՝ անճշտությունները բացառելով, աշխատանքներն իրականացնելիս լինել աչալուրջ, դրանք կատարել որակով և ժամանակին։ Սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը կարևորելով՝ Մուշեղ Մուրադյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լինել առավել հետևողական, քանի որ եկամուտների հավաքագրումը կնպաստի համայնքի զարգացմանը, գումարները կուղղվեն համայնքային խնդիրների լուծմանը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքում բիզնես միջավայրի ակտիվացմանը, պետություն֊մասնավոր հատվածի համագործակցության խորացմանը, առողջապահական, կրթական-մշակութային ոլորտներին առնչվող, ինչպես նաև ընթացիկ մի շարք այլ հարցերի։

  • Կիսվել: