կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարևոր է, որպեսզի ձևավորենք համերաշխ միջավայր` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով․ Անահիտ Մանասյանը հանդիպել է «Արև-երեխաների» հետ

Կարևոր է, որպեսզի ձևավորենք համերաշխ միջավայր` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով․ Անահիտ Մանասյանը հանդիպել է «Արև-երեխաների» հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, ներկա է գտնվել «Արևային զանգակների» համերգին:
 
Միջոցառումն անցկացվել է Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող և Դաունի համախտանիշ ունեցող երեխաները զանգակներով ներկայացրել են երաժշտական տարբեր գործեր։
 
Միջոցառման ընթացքում Պաշտպանն ու «արևները» միմյանց հարցեր են ուղղել, Անահիտ Մանասյանը ծանոթացել է նրանց նախասիրություններին, լսել առօրյայի հետ կապված տարբեր պատմություններ։

«Պետք է կարողանանք սիրել ու մեր հոգում առկա սերը միմյանց փոխանցել։ Ավելին, կարևոր է, որպեսզի միմյանց սիրենք` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով։ Այդ առանձնահատկություններն են, որ մեզանից յուրաքանչյուրին մեր անհատականության մեջ կատարյալ են դարձնում», - նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը չափազանց կարևորել է յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը:

Անահիտ Մանասյանը «Արև-երեխաներին» փոխանցել է հուշանվերներ: Պաշտպանը վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում մշտապես կլինի նրանց կողքին:

«Արև- երեխաների» այս տարվա կարգախոսն էր «Լինենք միասին»։

Նշենք, որ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը ներառված է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կազմում:

  • Կիսվել: