երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կամավոր ատեստավորում անցած արտադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետները կստանան հավելավճարներ

Կամավոր ատեստավորում անցած արտադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետները կստանան հավելավճարներ

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման 2024 թվականի  գործընթացն արդեն մեկնարկել է: Սահմանված շեմը հաղթահարած մասնագետները կստանան համապատասխան հավելավճարներ:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց   ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նշելով, որ  այն շատ կարևոր գործընթաց է և  ուղղված  է մասնագետների կարողությունների զարգացմանը և ատեստավորման  արձանագրման արդյունքում  նաև ֆինանսական մեխանիզմների կիրարկմանը:

Նրա խոսքով՝ այս տարի ընդլայնվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը և շուրջ  20 ուղղությամբ մասնագետներ կարող են մասնակցել ատեստավորման գործընթացին:  Ուղղություններից 8-ը արվեստի ոլորտի  մասնագետներն են, մնացածը՝ սպորտի:

«Մենք նախորդ տարի մասնակցած և շեմը հաղթահարած մասնակիցների հետ քննարկել ենք նաև այն խնդիրները, որոնք առաջացել են  կարգի գործարկման դեպքում և դրանից ելնելով՝ այժմ կարգի փոփոխություն ենք շրջանառում,  և այս տարի ատեստավորում անցնող մարդկանց համար արդեն նոր կարգավորումներ կսահմանի, որը վերաբերում է  մասնավորապես տրվող հավելավճարին:  Գործող կարգով հավելավճարը տրվում էր մասնագետի ծանրաբեռնվածության համադրությամբ, սակայն հիմա փոփոխվող կարգով մոտեցումը կլինի այնպես, որ անկախ նրանից, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է մասնագետն աշխատում տվյալ հաստատությունում, հավելավճարի իր ամբողջական չափաբաժինը կստանա»,- ասաց Սվաջյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ այս հավելավճարների  տրամադրման տրամաբանությունը նաև ուղղված է նրան, որ  առավել հետաքրքրված մարդկանց կարողանան բերել դեպի արտադպրոցական կրթության ոլորտ:

Խոսելով հավելավճարների չափից՝  Սվաջյանը  նշեց, որ 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը կկազմի 138 հազար 667 դրամ, 80-89 տոկոսի դեպքում՝ 112 հազար դրամ, 70-79-ի դեպքում՝ 82 հազար դրամ: Ըստ նրա՝ ատեստավորման 60-69 տոկոս արդյունք գրանցելու դեպքում գործող կարգով համարվում էին ատեստավորված, բայց հավելավճար չէին ստանում, իսկ կարգի փոփոխությամբ պայմանավորված 2024 թվականին կստանան 55 հազար 333 դրամ՝ անկախ դրույքային ծանրաբեռնվածությունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը  նշեց, որ 2023 թվականին սպորտի ոլորտում  ատեստավորում են անցել 4 սպորտաձևերից  մարզիչ-մանկավարժներ՝  հունահռոմեական, առատ ոճ, ձյուդո և սամբո:

«Գրանցված եղել է 126 մարզիչ-մանկավարժ, իսկ լրավճար այս պահին ստանում է  8-ը: Հասկանալի է, քանի որ առաջին անգամ էր անցկացվում, շատ մարզիչ-մանկավարժներ բողոքում էին տերմիններից, շատերը տերմինների մեծ մասն ուղղակի չեն հասկացել, քանի որ առօրյայում օգտագործում են շատ վաղուց կիրառվող տերմիններ,  իսկ թեստերի մեջ եղել են միայն գրական հայերեն տարբերակները, որը մի փոքր դժվարություններ է առաջացրել: Հույս ունենք՝ այս տարվա ատեստացիային այդպիսի խնդիր չենք ունենա»,-ասաց Գիլոյանը:

Նա նշեց, որ այս տարի ավելացել է ևս  8 մարզաձև՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանը նշեց, որ այս գործընթացը շատ կարևոր է հատկապես արվեստի ոլորտի համար: «Ամեն անգամ, երբ հանդիպումներ եմ ունենում արվեստի ոլորտի մանկավարժների հետ միշտ առաջ է քաշվում աշխատավարձի խնդիրը,  իսկ այս ատեստավորման գործընթացը շատ լավ հնարավորություն է լավարկելու գիտելիքները և  կրկնապատկելու աշխատավարձը:

Մեր ուսուցիչները նախորդ տարի  լավ արդյունքներ են գրանցել, իսկ 2024 թվականին արդեն ունենք հաստատված 190  հայտ, բայց այս թվերը աճելու միտում ունեն»,-նշեց Դանիելյանը:

Փոխնախարարները հավելեցին, որ մասնագետները հնարավորություն ունեն հայտագրվել մինչև ապրիլի 20-ը:

  • Կիսվել: