հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը կկարգավորվի՞

«Հայաստանի Հանրապետություն»․ Անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը կկարգավորվի՞

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է: Դրա դեմ պայքարը ոչ միայն առողջապահության, այլեւ գյուղատնտեսության հիմնախնդիրներից մեկն է, քանի որ անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության եւ ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կենդանիներից կարող են անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի նպատակն է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես՝ բացառել հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը։

 

«ՀՀ»-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ խիստ մտահոգիչ պատկեր ունենք հակաբիոտիկների նկատմամբ կայունության մասով, հետեւաբար, արդարացված է կերային հավելումների ցանկից հակաբիոտիկների հանումը։ «Դրա շնորհիվ հնարավոր կլինի սահմանափակել հակաբիոտիկների օգտագործումն անասնաբուծության ոլորտում։ Նույնիսկ մտահղացում ունենք, որպեսզի այն հակաբիոտիկները, որոնք օգտագործվում են առողջապահության ոլորտում, կիրառելի չլինեն անասնաբուծության մեջ»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ բացի հակաբիոտիկներից նախագծով կարգավորվելու է նաեւ աճի խթանիչներ, այդ թվում՝ հորմոններ պարունակող հավելումների օգտագործումը։

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի խոսքով, ոլորտում առաջնային լուծում պահանջող խնդիրներից է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատումը։ Առանց դրա ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները նա համեմատեց այն իրավիճակի հետ, երբ «տանը լուսամուտներ չկան, իսկ մենք ջեռուցման համակարգ ենք տեղադրում»։ ««Սննդի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ բոլոր որոշումները պետք է ընդունվեն ռիսկի գնահատման հիման  վրա, այսինքն՝ ռիսկերը պետք է չափվեն գիտականորեն։ Ռիսկի գնահատումն ըստ օրենքի պետք է իրականացնի գնահատման կենտրոնը, որին նշանակում է ՀՀ կառավարությունը։ Այս պահին կառավարությունը նման կենտրոն չի նշանակել, հետեւաբար սննդի անվտանգության ոլորտում ընդունված որոշումները օրենքի կոպտագույն խախտմամբ են տեղի ունենում»,- ասում է մասնագետը»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: