չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում բացվեց քաղաքացիների ընդունելության կենտրոն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում բացվեց քաղաքացիների ընդունելության կենտրոն

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում բացվել է քաղաքացիների ընդունելության կենտրոն։

Գրիգոր Մինասյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին:

«Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրության արդյունքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ հեռախոսով տրված խորհրդատվությունը քաղաքացու մոտ լիարժեք տեղեկատվության աղբյուր չէր հանդիսանում: Քաղաքացիները գալիս էին այստեղ տեղեկատվությանը լիարժեք ծանոթանալու համար, սակայն պայմանները այնքան էլ գոհացուցիչ չէին։ Նոր կենտրոնը կմատուցի լիարժեք ծառայություններ, կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է Մինասյանը:

Քաղաքացիների ընդունելության կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հարկադիր կատարող-քաղաքացի կապի կանոնակարգված և վերահսկելի կապի ապահովումն է ծառայության վարչական շենքում։

«Աշխատակիցները քաղաքացիներին ուղեկցելու են ընդունելության կենտրոն, այնուհետև կապ են հաստատելու տվյալ հարկադիր կատարողի կամ նրա բացակայության դեպքում՝ բաժնի փոխարինող աշխատակցի հետ՝ նրան հրավիրելով կենտրոն: Աշխատակիցները համակարգչի միջոցով քաղաքացուն կարող են տրամադրել կատարողական վարույթին առնչվող տեղեկատվություն, ընդունել դիմումներ, հայտարարություններ, տրամադրել  խորհրդատվություն, առձեռն հանձնել վարույթի շրջանակներում կայացված որոշումները»,- նշել է  Արդարադատության նախարարության  Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տևական ժամանակ է՝ իրականացնում է համալիր բարեփոխումներ։ Առաջնային լուծում պահանջող խնդիրներից է քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացումը։ Այս ուղղությամբ վերջին 2 տարիների ընթացքում արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ․ ավելացվել են թեժ գծի զանգերն սպասարկող օպերատորների թիվը, ստեղծվել և հաջողությամբ գործում է «ՔոԱրգելանքը» արագ արձագանքման խումբը, ՀԿԱԾ-ի www.cesa.am պաշտոնական կայքէջում գործարկվել է ծառայության հետ օպերատիվ էլեկտրոնային կապի գործիքակազմ։

 

  • Կիսվել: