ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հաագայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված համերգ

Հաագայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված համերգ

Ապրիլի 18-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հաագայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված համերգ, հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Վերջինիս ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Դոն Սեդերը, Իսա Կահրամանը և Դերկ Բոսվայքը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեսթստրատեն, հասարակական-քաղաքական, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման մեկնարկին ելույթ ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը։ Դեսպան Բիյագովն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության դատապարտման և մեղավորների պատժման պարագայում տեղի չէին ունենա 20-րդ դարի այլ ոճրագործություններ, իսկ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։ Դեսպանը նշեց, որ ցեղասպանությունները, թեև տեղի են ունենում հստակ խումբ ներկայացնող անձանց նկատմամբ, վերջիններիս ազդեցությունը տարածվում է ամբողջ մարդկության վրա, ուստի՝ ցեղասպանության դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համամարդկային ջանքեր։ Այս համատեքստում ներկայացվեցին Հայաստանի ջանքերը միջազգային ասպարեզում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ու դատապարտմանը։

Ելույթներով հանդես եկան նաև Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Դոն Սեդերը և Իսա Կահրամանը, «Ճշմարտության և արդարադատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Կ․ Աբգարյանը, հասարակական-քաղաքական գործիչ, նախկին խորհրդարանական Հ․ ֆան Բոմմելը։

Հիշատակի երեկոն ավարտվեց «Ծիրանի ծառ» երգչախմբի, Արցախից օպերային երգչուհի Միլենա Բեգլարյանի, Աբովյան մշակութային միության սաների կատարումներով։

  • Կիսվել: