կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի որոշ փողոցներում թեղիները կկտրեն, սակուրա, օճառածառ և ալբիցիա լենքորանյան կտնկեն

Երևանի որոշ փողոցներում թեղիները կկտրեն, սակուրա, օճառածառ և ալբիցիա լենքորանյան կտնկեն

Երևանում գարնան ընթացքում մի շարք փողոցներում թեղիները հատվելու են, մի մասի փոխարեն կրկին սակուրաներ կտնկվեն։ Լրագրողների հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանն ասաց, որ քաղաքում առհասարակ ծառահատում չի իրականացվելու, դրանք ընդամենը փոխարինվելու են։

Այդ ծրագիրը կոչվում է «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով»։

«Ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսված է 2 տասնյակից ավելի ծառի փոխարինում։ Առկա թեղիների փոխարեն տնկվելու են այն ծառերը, որոնք ադապտացված են Երևանին, ֆունկցիոնալ են ու որևէ խնդիր չունեն։ Կազմակերպությունը 2023 թվականին մեծամասշտաբ ծառեր է ձեռք բերել։ Դրանց մեջ ձեր նշած սակուրաները, ավելի ճիշտ կլինի ասել` բալենիները, կազմում են 15-20%-ը, բայց 1-2 փողոցում են տնկվելու։ Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա փողոցներում թեղիները փոխարինվելու են ալբիցիա լենքորանյան և օճառածառ անվանմամբ ծառատեսակներով։ Սրանք թանկարժեք ծառեր են` հաշվի առնելով դրանց տրամագիծն ու բարձրությունը»,– նշեց Խալաթյանը։

 

Նա ընդգծեց, որ գարնան սեզոնին անկենսունակ ծառերի փոխարինման գործընթացը կիրականացվի Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա — Ալեք Մանուկյան – Չարենց, Ալեք Մանուկյան – Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։

Հիշեցնենք` Երևանում առաջին անգամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինումն իրականացվել է 2023 թվականի մարտին։ Այդ ժամանակ «Կասկադ» համալիրի հարակից տարածքներում բազմամյա ծառեր էին սկսել հատել։ Հարակից շենքերի բնակիչների և առհասարակ մտահոգ քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել։ Ըստ քաղաքապետարանի՝ Կասկադում, Սայաթ–Նովա պողոտայում, Ուլնեցու փողոցում առկա հաստաբուն և բարձր թեղիները հին էին և ոչ գեղեցիկ։

Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի` Երևանում էկոլոգիական վիճակը բարելավելու նպատակով այդ հատվածներում տնկվեցին ճապոնական սակուրաներ, որոնք, սակայն, սաղարթ գրեթե չունեն և ծաղկում են միայն 1 ամիս։ Այդ ժամանակ նույնպես թեղիներ էին հատվել ու բացի սակուրաներից փոխարինվել էին նաև սոճիներով` Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում, Մոսկովյան և Ուլնեցի փողոցներում, ինչպես նաև Նոր Նորքի Արտեմ Միկոյան փողոցում։

  • Կիսվել: