երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել»․ Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը

«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել»․ Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը

Լուրջ եք ասո՞ւմ: Այսպես այսօր ԱԺ-ում արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նախօրեին տրանսպոտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների պնդմանը, որ այդ երիտասարդը հայտարարել է, որ պատգամավորն իրեն հարվածել է:

«Նախ, քննություն է գնում: Այդ երիտասարդը անցել է բոլոր սահմանները եւ օրենքի առջեւ պետք է պատասխան տա»,-ասաց նա:

Ներկայացնելով տեղի ունեցած միջադեպը, պատգամավորն ասաց. «Այնտեղ պարզ երեւում է, ես բարձրանում եմ, որ գնամ վճարեմ, իջնեմ, ինքն իմ ճանապարհը փակում է եւ սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ էլ ասելու չի: Նույնիսկ այդ պայմաններում ես իրեն ասում եմ՝ ճանապարհ տուր ես իջնեմ, բայց նա չի թողնում: Եվ այդ ժամանակ ես հրում եմ իրեն ու անցնում եմ: Այդքան բան: Դրան տրվելու է իրավական գնահատական: Դա ուղղորդված մոտեցում էր»:

Դիտարկմանը, որ երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, դա ներկայացվեց որպես էմոցիոնալ պոռթկում, ինչո՞ւ այս դեպքում էլ այդպես չի որակվում, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, դա հստակ կանխամտածված մոտեցում է: Դրանք տարբեր դաշտեր են: Ես հանգիստ ինձ համար նստած եմ, գալիս եմ, որ իջնեմ, ինքն իմ դեմը փակում է եւ սկսում է վիրավորել:  Իր փաստաբաններն ասում են՝ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում: Բայց դեմոկրատիայի դեպքում ձեր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը: Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ:

Երկրորդ, նա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանել, նշանակում է մտնել իմ սեփական տարածքը: Ասում են՝ ամբողջ Եվրոպյում էլ պապարացիները նկարում են, ես էլ ասացի՝ դրա համար իրենց գլուխը ջարդում են: Այո, թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»:

Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։

Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտասարդը ձերբակալվել է:

  • Կիսվել: