կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բանակից խուսափածները 2020 թվականից քրեական պատասխանատվության կենթարկվեն

Բանակից խուսափածները 2020 թվականից քրեական պատասխանատվության կենթարկվեն

2020 թվականի հունվարի 1-ից  չի երկարաձգվի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը։

Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչա­փե­րին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Մինչդեռ, ըստ նախարարի, օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ օրենքը դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից։ Այնուհետև  27 տարին լրանալուց հետո վճարել համապա­տաս­խան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավա­սա­րության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատ­մամբ:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ հաշվի առնելով վերոգրյալը՝ նպատակահարմար չէ խրախուսական համարվող օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են օրենքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օրենքին՝ նշեց, որ դրա երկարաձգում այլևս չի լինելու, բայց այն կշարունակի ուժի մեջ մնալ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: 

«Մինչ դեկտեմբերի 31-ը օրենքը ուժի մեջ է և այն հայրենակիցները, որոնք համարում են, որ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն հենց այսօր ինքնաթիռի տոմս առնել, գալ Հայաստան, այս բոլոր գործընթացներն անցնեն և Նոր տարին էլ Հայաստանում նշեն»,- նշեց վարչապետը։

 

 

 

  • Կիսվել: