շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ազգային առաջընթացի» անդամներ Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանը ազատ արձակվեցին

«Ազգային առաջընթացի» անդամներ Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանը ազատ արձակվեցին

«Ազգային առաջընթաց» կուսակցության և Երևանի Ավագանու համանուն խմբակցության անդամներ Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանն, ովքեր երեկ ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի մատնությամբ այն բանի համար, որ փորձել են խոչընդոտել քաղաքի կենտրոնում ծառերի հատումը, արդեն ազատության մեջ են:

Այս առնչությամբ Հայկ Գրիգորյանը գրել է. «Ինչպես գիտեք` Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա հարձակվել էին Կանաչապատում ՀՈԱԿ֊ի մի շարք աշխատակիցներ` իրենց ղեկավար Բեգոյան Արմենի գլխավորությամբ։ Այս անձը հաղորդում էր ներկայացրել իմ ու Ռոբերտի դեմ` խուլիգանություն կատարելու կեղծ մեղադրանքով։ Այս մարդուն պետք է հեռացնեն իր պաշըոնից մի շարք պատճառներով`

1. Նա դրսևորել է պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ, այդ թվում` հրահրել է հարձակում Ավագանու անդամների վրա։

2. Նա չի գիտակցում ու չի հասկանում, թե ինչ է Ավագանու ինստիտուտը, ինչ է Քաղաքապետարանը և ինչ է հանրային ծառայությունը։

3. Նա բացարձակապես չի տիրապետում իր համակարգման ոլորտի գործառույթներին՝ թե որպես մասնագետ, թե որպես մենեջեր։ Իսկ եթե պաշտոնյան ոչ մենեջեր է և ոչ էլ ոլորտի մասնագետ, նա վերածվում է պատուհասի տվյալ ոլորտի համար, դառնում է թայֆայաբազ խուլիգան և դիմում է ամեն տեսակի քայլերի, այդ թվում` կեղծ մատնության։

Մի մարդ, ով իրեն հարցադրումներ անողին ասի` մի խանգարեք աշխատենք, չի կարող լինել հանրային։ Մի մարդ, ով իրեն ուղղված քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը և Ավագանու անդամի կողմից պաշտոնական լիազորությունների իրականացումը համարում է իր գործին խոչընդոտ պետք է վռնդվի հանրային ծառայությունից։ Եթե տվյալ անձին չհեռացնեն հիմա, ապա նա միևնույն է հեռանալու է մի փոքր ուշ` իր հետ տանելով իր վերադասներին։ Որոշումը ձերն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն և Երևանի քաղաքապետ»:

  • Կիսվել: