կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այդ մասին հայտնում են «Հետք»-ի աղբյուրները:

Վարույթը նախաձեռնվել է «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» հոդվածի հիման վրա:

Տեղեկացել ենք նաև, որ նշանակվել է երկու փորձաքննություն: Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնից փոխանցում են, որ հարցաքննվող անձանց մասով տեղեկատվություն չեն տրամադրում, ինչպես նաև չեն կարող մանրամասներ հայտներ փորձաքննությունների վերաբերյալ՝ նախաքննության շահերից ելնելով:

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետքի» հոդվածի հիման վրա

Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:

«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար:

Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:

Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը: Նա առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազ. դրամ և հաղթող ճանաչվել: Դրանից հետո համայնքից գնված հողի սեփականատեր է դարձել Դիանա Գասպարյանի ամուսնու մայրը:

Շահեն Շահինյանը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով:

Շահինյանը Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հոր՝ Աշոտ Միրզոյանի աշխատակիցն է, այսինքն՝ համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրի:

Ակնհայտ է, որ Շահեն Շահինյանը, որպես ավագանու անդամ, չի հայտարարագրել Էջմիածնի համայնքապետարանից գնած հողերի ընդհանուր արժեքի՝ մոտ 57 մլն 484 հազ. դրամի չափով գումար: Հետևաբար, եզրակացրել էինք, որ նման գումար նա չի ունեցել, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ ձեռք բերված հողատարածքների իրական սեփականատերն ի սկզբանե համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի ընտանիքն է եղել:

Մինչ գործի քննությունը շարունակվում է, տարածքում ակտիվ շարունակվում են շինարարական աշխատանքները:

  • Կիսվել: