շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ

Ծնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ

Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առնչությամբ հանրային գրագիտությունը բավարար մակարդակի վրա չէ։ Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անվտանգ համացանցին և անձնական տվյալների պաշտպանությանը նվիրված միջոցառման շրջանակում:  

«Անձնական տվյալների պաշտպանությունն այն ոլորտներից է, որն այդքան էլ պոպուլյար չէ քննարկումների և ոչ միայն քննարկումների, նաև՝ պրակտիկ դաշտում իրացման տեսանկյունից, որովհետև մենք շատ քիչ ենք ուշադրություն դարձնում անձնական տվյալների պաշտպանությանը, ոլորտում անվտանգությանը և իրավունքի նշված բնագավառի կատարելագործմանը: Այս առումով ոլորտում խնդիրները բազմաթիվ են: Դրանց պատճառները տարբեր են՝ սկսած անձի կողմից անձնական տվյալների պաշտպանության ոչ պատշաճ պատկերացումներից ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ պետական մարմինների ներկայացուցիչների ոչ բավարար գիտելիքներով և հմտություններով, որն էլ հանգեցնում է ոլորտում առկա տարատեսակ խնդիրների»,-շեշտեց Մանասյանը: 

Առանձնացնելով մի քանի խոշոր խնդիրներ՝ ՄԻՊ-ն անդրադարձավ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններին, բարեգործական տարբեր միջոցառումներին և տեղեկատվական տարբեր համակարգերում հրապարակված տվյալներին:  

«Շատ դեպքերում տուժող դարձած անձանց տվյալները հրապարակվում են կամ նույնականացվող տվյալներով, կամ այնպիսի մանրամասնությամբ, որ, եթե նույնիսկ նույնականացվող տվյալը հրապարակված չէ՝ հնարավոր է կոնկրետ հասարակական միջավայրում անձին անհատականացնել: Արդյունքում՝ ունենում ենք ավելի լուրջ խնդիրներ նրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի և այլն: Հաջորդ խնդիրը վերաբերում է բարեգործական տարբեր միջոցառումներին, որոնց արդյունքում շատ դեպքերում երեխաների տվյալներ են ներկայացվում: Խնդիր կա նաև իրավական տեղեկատվական համակարգերում տվյալների հրապարակման հետ կապված: Կարող ենք նշել DataLex-ի մասին, որտեղ դարձյալ նշված զգայուն իրավիճակների տուժող դարձած անձանց տվյալները շատ դեպքերում իրականացվում են անհատականացված մակարդակով»,-նշեց ՄԻՊ-ը:  

Նրա խոսքով՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առնչությամբ հանրային գրագիտությունը բավարար մակարդակի վրա չէ։ Մանասյանն անդրադարձավ նաև նրան, որ հաճախ ծնողները երեխաներին ակամա թիրախավորում են, երբ հրապարակում են նրանց անհատականացնող տվյալներ։ 

«Երբ երեխայի մասին տվյալներ են հրապարակվում, որտեղ պարզ է դառնում, թե երեխան ուր է գնացել, որ ժամին է գնացել, ինչ է արել, անվտանգության տեսանկյունից կարող են խնդիրներ առաջանալ։ Նման բովանդակությամբ տեսանյութեր և լուսանկարներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է մի քանի անգամ մտածել հնարավոր հետևանքների մասին։ Ես չեմ խոսում, որ արգելված է որևէ լուսանկար կամ տեսանյութ հրապարակելը, բայց բոլոր ռիսկերն առնվազն պետք է գնահատել»,- ասաց Մանասյանը: 

Ըստ ՄԻՊ-ի` սրա դեմ պայքարի առաջին քայլը հանրային իրազեկման շատ լայն աշխատանքներ իրականացնելն է, քանի որ անձնական տվյալների պաշտպանության մասով հանրային գրագիտությունը բավարար չէ։ 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն էլ կարևորեց երեխաներին թվային գրագիտության հմտություններով զինելը:  

«Պետք է հասկանան առցանց տիրույթի վտանգները, ինչպիսիք են կիբերհարձակումները, և թե ինչպես պաշտպանվել դրանցից: Այս առումով շատ կարևոր է քաղաքականության մշակողների, ոլորտի մասնագետների, ծնողների և մանկավարժների միջև համագործակցությունը՝ երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու համար: Միասին աշխատելով՝ կարող ենք ապահովել անվտանգ համացանց և որ այն դրական ազդեցություն ունենա երեխաների կյանքում»,-նշեց նախարարի տեղակալը: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էլ կարևորեց միջոցառումն՝ ընդգծելով, որ այն հարթակ է շեշտադրելու 21-րդ դարի այն կարևոր հմտությունները, որոնք պիտի ձևավորվեն յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես, դպրոցականների մոտ: 

«Մեդիագրագիտությունն ու իրավունքների մասին գրագիտությունը հույժ կարևոր է: Մենք ինքներս մեր աշխատանքը կազմակերպելիս պարբերաբար այս մասին դպրոցներում խոսում ենք, իրազեկում ու պահանջում ենք՝ ուշադիր լինել տվյալներ հրապարակելիս: Կարևորում ենք, որ դպրոցներում կազմակերպվեն իրազեկման միջոցառումներ, որոնք երեխաների մոտ կձևավորեն իրենց անձնական տարածքի ճանաչումը, այդ թվում՝ տվյալների»,-ներկայացրեց փոխնախարարը:  

Միջոցառման ընթացքում ամփոփվեց «Ի՞նչ գիտի համացանցն իմ մասին» խորագրով ստեղծագործական աշխատանքների համապետական մրցույթի արդյունքները, որը նախատեսված էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար: Երկրորդ մասում կայացավ «Երեխաների նկարները համացանցում. Հրապարակել՝ առանց վնասելու» ուղեցույցի և բուկլետի շնորհանդեսը:  

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: 

  • Կիսվել: