երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սանասարյանի լիազորությունների կասեցումը վիճարկող միջնորդությունը ևս մերժվեց

Սանասարյանի լիազորությունների կասեցումը վիճարկող միջնորդությունը ևս մերժվեց

Պետական վերահսկողության ծառայության` լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանն այսօր միջնորդեց վերացնել Սանասարյանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը, որով կասեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում նրա լիազորությունները:

Պաշտպան Արսեն Սարդարյանը միջնորդությունը հետևյալ կերպ հիմնավորեց. «Նախաքննական մարմինը ձևական կասեցրել է: Նշվել է` քանի որ նրա դեմ վկայող անձիք նրա ենթականերն են հանդիսացել, մտավախություն կա, որ նա ազդեցություն կգործի նրանց վրա: Հիմա հանգամանքներ են փոխվել, այսօրվա դրությամբ որոշումն իրեն սպառել է, հիմա այդ մարդիկ ազատված են ու առնչություն չունեն ՊՎԾ-ի հետ»:

Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց միջնորդությունը: Նշենք, որ Դավիթ Բալայանը մինչ այդ մերժել էր պաշտպանների մեկ այլ միջնորդություն, որով պահանջվում էր Սանասարյանի գործը քննել մյուսներից առանձին:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը այնուհետև միջնորդեց կարճել գործի վարույթը։

«Քննչական գործողությունները կատարվել են քրեադատավարական օրենքի խախտմամբ, ինչի հետևանքով սույն քրեական գործի վարույթը ենթակա է կարճման։ Պետք է կարճել վարույթը և ուղարկել սահմանադրական դատարան»,-ասաց Ինեսա Պետրոսյանը։ Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանը հնարավորություն ունենա իր միջնորդությունը գրավոր ներկայացնելու։

Հիշեցնենք, որ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելով պետական գնումների գործընթացին միջամտելու մեջ:

Այս գործով մեղադրվում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Գործը վերաբերում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին. նշված անձինք մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

  • Կիսվել: