շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
 Սա քաղաքական հետապնդում է. Աշոտյանի պաշտպանը՝ դատավորին

Սա քաղաքական հետապնդում է. Աշոտյանի պաշտպանը՝ դատավորին

Կներեք, ես հասկանում եմ, թե ինչ անշնորհակալ իրավիճակում եք Դուք հայտնվել, բայց սա հերթական անգամ ապացուցում է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է։ Այս մասին, այսօր՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դիմելով նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին՝ հայտարարեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Սա իրավաբանության հետ կապ չունի։ Թեև Ձեր դուրը չի գալիս՝ մենք ինչ ենք ասում, սակայն դուք էլ ապացուցում եք այն, ինչ մենք ենք ասում»,-ասաց նա:

Դատավորը փաստաբանի խոսքն ընդհատեց, հորդորելով միջնորդությունը ներկայացնեն, եւ նկատեց, որ պաշտպանը դատարանի անունից ենթադրություններ է անում:

«Մեր բոլորի խոսքն էլ ենթադրություններ են, Դուք եք վերջում վճիռ կայացնելու։ Մերն էլ, դատախազինն էլ, ներկաներինն էլ»,-պատասխանեց Աթանեսյանը։

«Ձեր անունից ենթադրություն արեք, դատարանի ասածը դրա մասին է»,-արձագանքեց դատավորը։

Տիգրան Աթանեսյանը երկար բացատրում էր, որ հայաստանյան օրենսդրության համաձայն լուծարված ՍՊԸ-ն չի կարող քրեական գործով տուժող ճանաչվել։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 8-ին, դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, Համալսարանի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, ՍՊԸ տնօրեն Ռոլան Դավթյանի գործով դատական նիստը։

Նրանք մեղադրվում են «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների եւ փողերի լվացման մեջ։ Նշենք, որ Արմեն Աշոտյանը 2023-ի հունիսի 15-ից կալանքի տակ է։

  • Կիսվել: