ՔԿՀ-ներում «ստավկաներ» են եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայության համար. Գոյունյան
ՔԿՀ-երում ներկայումս կալանավորված և դատապարտված անձնանց ընդհանուր թիվը կազմում է 2230 մարդ, որից 1028-ը՝ կալանավոր, 1202-ը՝ դատապարտյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
Ըստ նրա՝ ՔՀԿ-ները նախատեսված են 5346 անձի պահպանության համար, ուստի այժմ այսօր կարող են ասել՝ լուծված է ՔՀԿ-ներում գերբեռնվածության խնդիրը։
Անդրադառնալով ՔՀԿ-ներում արատավոր երևույթներին, Արթուր Գոյունյանն ասաց, որ դրանց դեմ պայքար է տարվում։
Նա, մասնավորապես, ներկայացրեց ՔԿՀ-ներում առանձին ծառայությունների համար սահմանված, այսպես կոչված, «ստավկաները»։
«Օրինակ՝ հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավելին կարճատև տեսակցության համար դրույքաչափը կազմել է 100 դոլար, երկարատև տեսակցության դրույքաչափը՝ 300 դոլար, դրույքաչափեր են եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայության համար 300 դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար այն հասել է մինչև 1000 դոլարի»,- նշեց Արթուր Գոյունյանը։
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «զոն նայողների» ինստիտուտին, նա վստահեցրեց, որ դրա դեմ ևս պայքար է տարվում։