կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024

Փաստաբանը հույս ունի, որ վաղը դատարանը կմերժի Գագիկ Սարգսյանի կալանավորման միջնորդությունը

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ՝ մեղադրանքը խիստ վերացական է։ Այս մասին հայտարարել է փաստաբան Վահե Եփրիկյանը՝ նշելով, որ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գործողություններ է արել նա ՔԿ-ի մատնանշած «ահաբեկչության» համատեքստում:

«Ստանձնել եմ Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Սարգսյանի շահերի պաշտպանությունը։

Ի հեճուկս ՀՀ Քննչական Կոմիտեի տարածած տեսանյութի (հղումը` մեկնաբանություններում), և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ ֊ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե《 ... ահաբեկչության դեպքերը բացահայտվել են》խստագույնս չափազանցված է։
Լիահույս ենք` հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու և կալանքի հիմքերի բացակայության պայմաններում վաղը` ժամը 11։00 ֊ին Դատարանը կմերժի ներկայացված կալանավորման միջնորդությունը»,- գրել է նա։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան:

Այնուհետև Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերը բացահայտվել են․ կան կալանավորված և ձերբակալված անձինք:

  • Կիսվել: