կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարզվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը

Պարզվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը

         ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2024 թվականի մարտի 21-ին Երևանի քաղաքի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացուց օդաճնշիչ ատրճանակով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները։

        Նշված օրը՝ ժամը 11:26-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։ 

       Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ,  որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։

ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրին հարակից տարածքներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրության և քննչական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նրանից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը, ով 25-ամյա երիտասարդ է։

       Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2024թ․ մարտի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, սիրահարների այգում ետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող  օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել է նրա գլխին, հափշտակել վերջինիս ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։

      Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Վերջինս, փախուստի ընթացքում պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք,  իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:

      Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։

       Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

       Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: