երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՆԳ նախարարության տեսլականը բավականին հավակնոտ է․ գերատեսչության ղեկավարը ներկայացրել է բարեփոխումների ընթացքը

ՆԳ նախարարության տեսլականը բավականին հավակնոտ է․ գերատեսչության ղեկավարը ներկայացրել է բարեփոխումների ընթացքը

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կարծում է, որ  ստեղծման օրվանից ի վեր՝ ոլորտային բոլոր ուղղություններով նախարարության բարեփոխումների տեսլականը բավականին հավակնոտ է, և տվյալ գործընթացում չափազանց կարևորվում է առաջադեմ երկրների, հմուտ փորձագետների մասնագիտական աջակցությունը։

Վահե Ղազարյանը «ՆԳՆ բարեփոխումներին ընդառաջ․ ընթացիկ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով քննարկման ժամանակ նշեց, որ ՀՀ ներքին գործերի նախարարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ձևավորվել ու այս պահին էլ շարունակվում է հաջողված համագործակցություն, և միջազգային գործընկերների կողմից ոլորտային բարեփոխումներին շարունակական աջակցությունն իսկապես շատ կարևոր է։

«2022 թվականի դեկտեմբերին ստեղծվեց Ներքին գործերի նախարարությունը, որի ենթակայության ներքո գործում են երեք ծառայություններ՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Ստեղծման օրվանից ի վեր՝ ոլորտային բոլոր ուղղություններով նախարարության բարեփոխումների տեսլականը բավականին հավակնոտ է, և տվյալ գործընթացում չափազանց կարևորվում է առաջադեմ երկրների, հմուտ փորձագետների մասնագիտական աջակցությունը, նրանց գնահատականներն ու առաջարկությունները, նոր գործիքների, մեթոդների ու լուծումների օգտագործումն ինչպես ոլորտային հիմնախնդիրների վերհանման, այնպես էլ ռազմավարական փաստաթղթերի մշակման, դրանց իրականացման, ոլորտի առաջընթացի գնահատման և բարելավման գործընթացներում»,- ասաց ՆԳ նախարարը։

Ղազարյանի խոսքով՝ միջազգային գործընկերների կողմից ինչպես ՀՀ ՆԳ նախարարության ստեղծմանը նախորդող, այնպես էլ վերջինիս կայացմանն ու զարգացմանը հաջորդող ժամանակահատվածում ցուցաբերված գործուն աջակցության շնորհիվ հաջողվել է հասնել շոշափելի հաջողությունների։ Ըստ նախարարի՝ հատկապես անգնահատելի է իրականացվող բարեփոխումների սկզբունքայնությունը կիսելու և համատեղ ջանքերով վերջնական արդյունքի հասնելու փոխադարձ ձգտումը։ ՆԳ նախարարը պատրաստակամություն հայտնեց ավարտին հասցնել բարեփոխումների ծրագիրը՝ այդ ճանապարհին ամրապնդելով արդեն իսկ գրանցված ձեռքբերումները։

  • Կիսվել: