կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միլիարդներ, Երևանի Կենտրոնում, Լոռիում անշարժ գույք, բաժնեմասեր. Ի՞նչ է դատարանը պահանջում բռնագանձել Արմեն Ավետիսյանից, նրա կնոջից ու աներորդուց

Միլիարդներ, Երևանի Կենտրոնում, Լոռիում անշարժ գույք, բաժնեմասեր. Ի՞նչ է դատարանը պահանջում բռնագանձել Արմեն Ավետիսյանից, նրա կնոջից ու աներորդուց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հերթական՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը, որով պատասխանողներ են Արմեն Ավետիսյանը, Լուսինե Ճշմարիտյանն ու Հայկ Ճշմարիտյանը։ 

ՀՀ գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 05.02.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան, որով պահանջել է Հայկ Յուրիի Ճշմարիտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել.

-Երևանի  Արաբկիր վարչական շրջանի  Վ. Համբարձումյան փողոցում գտնվող  բնակարանը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,

- նույն փողոցում գտնվող ստորգետնյա ավտոտնակը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,

- Լոռու մարզի   Գյուլագարակ համայնքի  Գարգառ գյուղում գտնվող  հողամասը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,

- Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանում գտնվող  բնակելի տունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,

- նույն մարզի, նույն համայնքի  Այվազովսկի փողոցում գտնվող հողամասը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,

- «ՏԵԼԼԱ» ՍՊ ընկերության (հիմնադրման ամսաթիվ՝ 15.12.2017 թվականին) 100 տոկոս բաժնեմասը,

- «ELINET ENTERPRISES LTD» ընկերության 100 տոկոս մասնակցությունը (հիմնադրման ամսաթիվը՝ 22.11.2002),

- 5 միլիարդ 767 միլիոն 369 հազար 971 ՀՀ դրամ՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել,

- ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդը՝ 10 միլիարդ 70 մլն 529 հազար  552 ՀՀ դրամ։ 

Արմեն Արտաշեսի Ավետիսյանից էլ Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել.

- Երևանի Կենտրոն վարչական շրջանի  Տերյան փողոցի 62 շենք, 27 ոչ բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,

- Տերյան փողոցի 62 շենք, 56 շինությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը։ 
Լուսինե Յուրիի Ճշմարիտյանից բռնագանձման ենթակա գույքն էլ, ըստ Դատախազության,   «MERSEDES-BENZ VIANO 3.0» տրանսպորտային միջոցն է։

Նշենք, որ մարտի 18-ին պատասխանող Հայկ Յուրիի Ճշմարիտյանի անունից 14.03.2024 թվականին Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն։ «Հաշվի առնելով հայցի առարկայի ծավալը (Հայկ Յուրիի Ճշմարիտյանից պահանջվող գույքերի քանակ), Հայկ Ճշմարիտյանի դեմ ներկայացված պահանջների և դրանց հիմքում դրված փաստական հանգամանքների բովանդակությունը, ինչպես նաև հայցադիմումին կից ներկայացված նյութերի ծավալուն լինելու հանգամանքը՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել որոշակի ողջամիտ ժամկետով։ ...Ուստի դատարանը գտնում է, որ միջնորդությունը պետք է բավարարել մասնակիորեն՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել՝ վերջնաժամկետ սահմանելով 03.04.2024 թվականը (ներառյալ)»,- մասնավորապես նշված է դատավոր Լիլի Դմեյանի որոշման մեջ:

 Հայկ Ճշմարիտյանը ՀՀ արդյունաբերության նախկին նախարար, նախկին պատգամավոր  Կարեն Ճշմարիտյանի հորեղբոր որդին է, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք  կապի և տրանսպորտի փոխնախարար է աշխատել։ Արմեն Ավետիսյանն էլ  ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահն է,  Հայկ Ճշմարիտյանի փեսան՝ քրոջ ամուսինը։ 
Հիշեցնենք,  որ Ավետիսյան ընտանիքը Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ մոտ 15 մլն դոլար արժողությամբ, նվիրեց պետությանը։ 2022-ին գույքն օտարվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ 

Աղբյուր՝ civic.am

  • Կիսվել: