չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նորատուսի դեպքերին հստակ գնահատական տալու համար ուսումնասիրություններ ենք կատարում. Անահիտ Մանասյան

Նորատուսի դեպքերին հստակ գնահատական տալու համար ուսումնասիրություններ ենք կատարում. Անահիտ Մանասյան

Մենք այդ հարցի հետ կապված արդեն ուսումնասիրություն սկսել ենք, իմ հանձնարարականով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված անձանց: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝   անդրադառնալով Նորատուսում երեկ տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով՝ լսել են ձկնորսների մտահոգությունները և այս պահին դրանք ուսումնասիրում են. «Բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի և կարևոր է հասկանալ, թե դրանց որ մասն է կատարվել և որը՝ չի կատարվում և երաշխավորել դրանց կատարումը։ Բայց դրա հետ կապված ուսումնասիրում ենք նաև մյուս կտորը՝ իրավապահ մարմինների հետ կապված գործողությունները։ Ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես ենք գալու հստակ առաջարկներով, և եթե կարիք լինի՝ նաեւ տարբեր պետական մարմինների հետ կապված հստակ գնահատականներով»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե պարզաբանվե՞լ է՝ ինչու են բերետավորները միանգամից մտել գյուղ և բերման ենթարկել գյուղացիներին, Մանասյանը նշեց. «Մենք այս պահին լսել ենք քաղաքացիներին, մենք ընդամենը բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել պետական մարմինների հետ, բայց հստակ գնահատական տալու համար կարիք ունենք ստանալու տեղեկատվություն պետական մարմիններից։ Գրավոր ոչ մի տեղեկություն չենք ստացել»։

Հիշեցնենք, որ Սևանում միջադեպ է տեղի ունեցել ձկնորսների, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցների ու «Սևան ազգային պարկի» ծառայողների մասնակցությամբ: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ տասնյակ ձկնորսների կողմից առերևույթ կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ:

Իրավապահ կառույցը մանրամասնում է. ոստիկաններից ու ազգային պարկի աշխատակիցներից ստացված հաղորդման համաձայն՝ ջրային պարեկները «Սևան ազգային պարկի» ծառայողների հետ 2 նավակով ծառայություն իրականացնելիս են եղել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ:

Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված անձինք հայհոյել են պարեկներին և ազգային պարկի անձնակազմին, սպառնացել հրկիզել նրանց, նավերի ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան» ազգային պարկի նավի վրա, վիճաբանել, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին: Ձկնորսներից մեկը կտրել է «Սևան» ազգային պարկի նավի պարանը և այն տարել: Պարեկների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

  • Կիսվել: