կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խափանման խիստ միջոցների կիրառումը ծառայեցրել են անձանց հարկադիր ցուցմունք տալու համար․ Քերոբյանի փաստաբան

Խափանման խիստ միջոցների կիրառումը ծառայեցրել են անձանց հարկադիր ցուցմունք տալու համար․ Քերոբյանի փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ տնային կալանքի տակ գտնվող Վահան Քերոբյանի գործով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները մոտ են զրոյին։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, հրավիրված մամուլի ասուլիսն ասաց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Դրանք այնքան ոչ տպավորիչ ու անարդյունավետ են եղել, որ այսօր այդ խիստ խափանման միջոցների կիրառման միջոցով, և դրանք ծառայեցնելով անձանց համար որպես ցանկալի ցուցմունքներ տալու հարկադրանքի միջոց, սկսել են ձևավորել ի սկզբանե ձևավորված մտածված նարատիվի հիմքեր։ Օրինակ՝ ենթադրենք որևէ մեղադրյալի առաջարկվում է ինչ-որ հարցադրումների վերաբերյալ պատասխաններ ստանալ, դրանք ստանալուց հետո մարդը հասկանում է, թե իրենից ինչ է ակնկալվում։ Ստանալով արդեն այդ անձանցից հարմար ցուցմունքներ, հենց այդ ցուցմունքները ստանալու բերումով այդ անձանց խափանման միջոցները փոխվում են»,- նշեց Եգորյանը։

Նրա խոսքով՝ նախաքննության մարմինը հարցեր չունի Քերոբյանին․ «Ուղղակի չկային բովանդակային լուրջ հարցեր, որոնցից հնարավոր կլինի հասկանալ, որ մարդիկ ցանկանում են բազմակողմանիորեն քննել, պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Նախաքննության մարմնի մարտավարությունը մեզ համար ակնհայտ է դարձնում, որ նախաքննությունը իրականացնում է հետևյալը՝ ձևավորվել է մի նարատիվ, որոշվել է, որ իրադարձություններն այսպիսին են, և անկախ փաստական հանգամանքներից, այդ նարատիվը հիմնավորելու համար փորձում են մեկնաբանություններ և տեղեկություններ ամրագրել։ Սա, մեղմ ասած, նախաքննություն չէ, սա իրենց համոզմունքների քարոզն է, որն արտահայտվում է փաստաթղթերի միջոցով»։

Տիգրան Եգորյանը նշեց, որ քնիչները բավարար պատկերացում չունեն մրցութային գործընթացից․ «Որովհետև այդտեղ որոշիչը գինը չէ, կարևոր է նաև որակը ապրանքի։ Նախաքննությամբ խեղվում է օրենքով սահմանված գործընթացն ու տրամաբանությունը, որով պետք է իրականացվի գնումները։ Նախաքննության մարմնի պաշտոնական հրապարակումները չեն բխում գործում եղած փաստերից։ Այս խնդիրը բավական խորքային է։ Սա առաջին հերթին վերաբերում է նախաքննության որակին, դրա նկատմամբ դատախազական հսկողության որակին, որի վերլուծական մակարդակը բավական ցածր է»։

Նշենք, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։

Հիշեցնենք նաև, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։

Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։

Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: