շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կացարանում զոհված 15 զինվորի գործով նիստը պարբերաբար լարվում է․ դատարանը զոհվածների ծնողների նկատմամբ սանկցիա կիրառեց

Կացարանում զոհված 15 զինվորի գործով նիստը պարբերաբար լարվում է․ դատարանը զոհվածների ծնողների նկատմամբ սանկցիա կիրառեց

 ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը սկսվեց վիճաբանությամբ։
 
Սկզբում նշվեց, որ գործով մեղադրյալներից մեկը` Մառլեն Սարգսյանը, որը եղել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ և նշանակված է եղել զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետի պաշտոնին, չի ներկայացել դատական նիստին։ Դատավոր Վարդան Հարությունյանը հիշեցրեց, որ նախորդ նիստի ընթացքում դատավարական սանկցիա էր կիրառվել Մառլեն Սարգսյանի նկատմամբ, և նա 14 օրվա ընթացքում չէր կարող մասնակցել դատական նիստերին։
 
Չնայած դրան` դատավորը հայտնեց, որ իրենք հնարավորություն ունեին թույլ տալու Մառլեն Սարգսյանին ներկա գտնվել տվյալ դատական նիստին, որպեսզի քննարկեին սանկցիայի հարցը։ Հարությունյանը շեշտեց` մեղադրյալը հրաժարվել է ներկայանալ։ Այս հայտարարությանը դեմ արտահայտվեց պաշտպանը` Վահագն Հակոբյանը։ Վստահեցրեց` դատարանը տվյալներ է հնչեցնում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
 
Սարգսյանը չի հրաժարվել նիստին ներկայանալ, նրա նկատմամբ ուղղակի սանկցիա է կիրառվել։
«Ես էլ, մեղադրող կողմն էլ միջնորդել ենք, որպեսզի այդ սանկցիան հանվի ու դատական նիստը չհետաձգվի, քանի որ շատերը կմ–ներ են կտրում, որպեսզի ներկայանան (դատն ընթանում է Սևան քաղաքում. խմբ.)։ Դատարանն իմ միջնորդությանը որևէ կերպ չարձագանքեց։ Երեկ երեկոյան վստահորդս զանգեց ինձ ու ասաց, որ իրեն Սևան են տեղափոխում։ Դրանից հետո մեր չատում քննարկվում էր հարցը, որ դատարանը որոշում է կայացրել սանկցիան վերացնելու մասին, ու ես գրեցի, որ դատարանի որոշումն ուղարկեն ՔԿՀ։ Ստացվում է, որ Մառլեն Սարգսյանը չի հրաժարվել ներկայանալ դատական նիստին, դուք եք ձեր որոշմամբ նրան 2 նիստից զրկել»,– նշեց Հակոբյանը։
 
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նիստում վիճաբանություն տեղի ունեցավ նաև դատավոր Վարդան Հարությունյանի ու զոհված զինծառայողների ծնողների միջև:
Ծնողներից երկուսի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց «ոչ պատշաճ վարքի համար», այնուհետև 20 րոպե ընդմիջում հայտարարեց:
 
Ծնողներին զայրացրել էր այն, որ հնարավոր է` դատական նիստը այսօր ևս հետաձգվի, այս անգամ՝ մեղադրյալ Մառլեն Սարգսյանի բացակայության պատճառով:

  • Կիսվել: