երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումների 85 դեպք է արձանագրվել. ամփոփում

Հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումների 85 դեպք է արձանագրվել. ամփոփում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ավարտվել է  2023 թ․ տարեկան հաշվետվությունները։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր գործառույթների շրջանակում իրականացրել է հուշարձանների պահպանության, հանրահռչակման, ուսումնասիրման, հուշարձանների տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ։

ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2024 թվականի ընթացքում արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքներում տեղադրվելու են մոդուլային տնակներ, որոնք կունենան անհրաժեշտ պայմաններ և աշխատակիցների և այցելուների համար։

Խնդրահարույց ու կարևոր հարցերի շարքում՝ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտություններն են, իրավախախտումները, ինքնակամ շինությունները, պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկման աշխատանքները, նոր կյանք ստացած խաչքարերը։

Հաշվետու ժամանակահատվածում հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումների և այլ չհամաձայնեցված աշխատանքների 85 դեպք է արձանագրվել։ Իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և իրավապահ մարմիններին։

2023 թ․ հաշվետու ժամանակահատվածում մարզային ծառայությունների ջանքերով ուղղվել և ամրացվել է թվով 71 խաչքար։

Գիտահետազոտական բաժինը կազմել է 1100 գիտական վկայագիր, «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում» մուտքագրել 1628 թանգարանային առարկայի տվյալ։

«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում կազմվել է 64 խաչքարի նկարագիր, իրականացվել Հայաստանի 100 ամրոցների տեղեկատվական վահանակների հայերեն տեքստերի խմբագրում։

Թանգարանային առարկաների վերականգնման բաժին-լաբորատորիան հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է թվով 142 առարկայի մաքրում և ամրակայում, 45 առարկայի վերականգնում։

Տարվա ընթացքում կատարվել է արտապլանային աշխատանք՝ մաքրվել է 2022 թ․ ին «Ամբերդ» պ/մ արգելոցի տարածքում  պեղումներից հայտնաբերված 644 խեցու բեկոր, որից թերի ամբողջացել է 4 կարաս։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է «Հայաստանը ֆրանկոֆոն ճանապարհորդների աչքերով․ երեկ, այսօր ․․․», «7 ազատ արվեստ», «Ճանաչի՛ր տաճարի յուրաքանչյուր բեկորը գույնի միջոցով», «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը», «Արի խաղանք ավանդական խաղեր» մասնակցային խաղ-փառատոն, գիտակրթական ծրագրերը, «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագիրը և  «Ուսումնասիրություններ նոր լույսի ներքո», «Մունք. Քաշաթաղ» խորագրով ցուցադրությունները:

Ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնի հիմնական հավաքածուն համալրվել է 2194 միավոր առարկայով (իրային՝ 623, փաստավավերագրեր՝ 1571),   հույժ կարևոր հուշարձանների փաստավավերագրական նյութերի 255 միավոր առարկայի ապահովագրական պատճեններ են ստեղծվել։

Հայկական գանձարան տեղեկատվական շտեմարանը լրացվել է 10098 միավոր թանգարանային առարկայի վերաբերյալ տեղեկույթով։

Ամփոփելով 2023 թ․ արդյունքները Արտավազդ Զաքյանը նշել է, որ այս տարում շեշտը դրվել էր ավելի շատ գիտակրթական, ներառական ծրագրերի վրա, ինչը տվել է իր դրական արդյունքը։ 2024 թ․ նախատեսվում է ներդնել նոր կրթական ծրագեր, անցկացնել էքսկուրսիաներ, միջնադարյան զենքերի կրկնօրինակներով կազմակերպել խաղեր արգելոցներում։

  • Կիսվել: