երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՔԾ-ում պատգամավորների դեմ նյութեր են նախապատրաստվել, բայց քրգործի հարուցումը մերժվել է

ՀՔԾ-ում պատգամավորների դեմ նյութեր են նախապատրաստվել, բայց քրգործի հարուցումը մերժվել է

ԱԺ Հանրապետական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանին անձնական երաշխավորություն տված ԱԺ երկու պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի դեմ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, բայց հետո քրգործի հարուցումը մերժվել է, այդ մասին PrimeNews.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՔԾ մամուլի ծառայության ղեկավար Մարինա Օհանջանյանը:

«Պատգամավորների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու փաստով, որի հետևանքով մեղադրյալը խուսափել է քննությունից, նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին»,-փոխանցեց Օհանջանյանը:

Նշենք, որ այս առնչությամբ ոչ Մարուքյանը, ոչ Զոհրաբյանը մեկնաբանություն չեն տալիս:

Հիշեցնենք՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին դեռ նախորդ տարի մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «խարդախություն` առանձնապես խոշոր չափերով»:

Ֆարմանյանը կալանավորվել էր և որոշ ժամանակ անց պատգամավորներ Էդմոն Մարուքյանի ու Նաիրա Զոհրաբյանի անձնական միջնորդությամբ ազատ արձակվել։

  • Կիսվել: