երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ 15 քաղաքացի դատի է տվել Տիգրան Ավինյանին

ՀՀ 15 քաղաքացի դատի է տվել Տիգրան Ավինյանին

Հայաստանի 15 քաղաքացի, որոնց մեծ մասը բնապահպաններ են և Հայկական բնապահպանական ճակատ շարժման անդամներ, քաղաքացիական հայց են ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ: PrimeNews.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ՀՀ քաղաքացիների պահանջը Ավինյանից մեկն է՝ պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները:

Հայցվորներից մեկը Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն է: Հայցի առարկայի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, Գալստյանը հստակեցրեց, որ Ավինյանի դեմ դատարան դիմել են ՀՀ քաղաքացիներ:

«Պետք չէ ասել միայն բնապահպաններն են հայց ներկայացրել փոխվարչապետի դեմ: Դատարան դիմել են ՀՀ քաղաքացիներ»,- հավելեց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: Հայցի առարկան հանդիսացել է հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում ՀՀ փոխվարչապետի արած հայտարարությունը Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի մասին:

Նա մասնավորապես ասել էր. «Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ և ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաև կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետև նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»:

Հայցվորները հետևյալ անձինք են՝ Անի Խաչատրյանը, Թեհմինե Ենոքյանը, Բորիս Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Ասքանազ Հովհաննիսյանը,Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանը, Միլենա Բաղդասարյանը:

  • Կիսվել: