երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գործող Սահմանադրության որոշ սկզբունքների փոփոխման և վերընտրման անհրաժեշտություն կա. դատավոր Մասիս Մելքոնյան

Գործող Սահմանադրության որոշ սկզբունքների փոփոխման և վերընտրման անհրաժեշտություն կա. դատավոր Մասիս Մելքոնյան

Շատ առումներով ՀՀ գործող Սահմանադրությունը մրցունակ է, սակայն որոշ  սկզբունքների փոփոխման և վերընտրման անհրաժեշտություն եմ տեսնում: Այս մասին այսօր Դատավորների ժողովի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե Լևոն Քոչարյանի գործով փաստաբանները ձերբակալման դեմ  ներկայացրած բողոքը հետ են վերցրել այն պատճառով, որ  այն իրեն է մակագրվել, Մասիս Մելքոնյանն ասաց, որ դա փաստաբանների կողմից ընտրված մարտավարություն է: Լևոն Քոչարյանի ձերբակալությանն առնչվող հարցերին Մասիս Մելքոնյանը հրաժարվեց պատասխանել, ասելով, որ իրավունք չունի դռնփակ կարգով կայացրած դատական ակտը լրատվամիջոցների հետ հրապարակայնորեն քննարկել:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը, ձերբակալման դեմ բողոքի մակագրումից հետո հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր.

«Քիչ առաջ դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից: Մասիս Մելքոնյանը ընդհամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս աարել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը»:

Նշենք, որ այսօր Հայաստանի դատավորներն ընդհանուր ժողով են անցկացնում։  Օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է։ ՍԴ-ում դատավորի թափուր հաստիք  է առաջացել, քանի որ դատավոր Արաիկ Թունյանը ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։

Այս պահին հայտնի է երկու թեկնածուի մասին՝ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայան, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյան։

  • Կիսվել: