երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես ուզում եմ հասկանալ՝ ինձ ո՞նց կարող են ճնշել. ծեծելո՞ւ են ինձ կառավարության նիստերի դահլիճում. Դատավոր Գևորգ Գյոզալյան

Ես ուզում եմ հասկանալ՝ ինձ ո՞նց կարող են ճնշել. ծեծելո՞ւ են ինձ կառավարության նիստերի դահլիճում. Դատավոր Գևորգ Գյոզալյան

Ի՞նչ կապ ունի, թե մենք որ շենքում ենք գտնվում. Ինձ համար բացարձակ միեւնույն է՝ ես որ շենքում կլինեմ: Դատավորների ժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրեն չի մտահոգո՞ւմ, որ դատավորների ժողովը տեղի է ունենում կառավարության Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող դահլիճում:

«Կոնկրետ շենքո՞վ է պայմանավորված դատական իշխանության անկախության ու տռարանջատվածության սկզբունքը: Եթե գալիս ենք այս շենք, դա ճնշո՞ւմ է: Ես չեմ ժողովը կազմակերպողը, բայց եթե ես կազմակերպեի եւ պարզվեր, որ այս շենքում չեմ վճարելու, իսկ մեկ այլ շենքում բավականին մեծ գումար եմ վճարելու, ես այդ միջոցները կխնայեի ու կուղղեի դատական իշխանության  այլ ծախսերի ու կգայի այս շենք,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կա կարծիք, որ այսկերպ փորձում են ճնշում գործադրել եւ իրենց  թեկնածուին առաջ մղել ՍԴ դատավորի թեկնածուի հարցում, Գյուզալյանն ասաց. «Ո՞նց ճնշեն: Ես ուզում եմ հասկանալ՝ ինձ ո՞նց կարող են ճնշել: Ծեծելո՞ւ են ինձ»:

Հարցին, թե ՍԴ դատավորն ի՞նչ որակներ պետք է ունենա, դատավորը պատասխանեց. «Ես պարտադիր լսելու եմ երկու թեկնածուներին, որից հետո կկայացնեմ իմ որոշումը: Այս խպահին որոշում չունեմ: Երկու թեկնածուների վերաբերյալ ունեմ իմ կարծիքը, թե դրական, թե բացասակա»:

Նշենք, որ այսօր Հայաստանի դատավորներն ընդհանուր ժողով են անցկացնում։  Օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է։ ՍԴ-ում դատավորի թափուր հաստիք  է առաջացել, քանի որ դատավոր Արաիկ Թունյանը ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։

Այս պահին հայտնի է երկու թեկնածուի մասին՝ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայան, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյան։

  • Կիսվել: