կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում բազմաբնակարանների և այլ օբյեկտների շինաշխատանքների վերահսկողության արդյունքում ավելի քան 70 արձանագրություն է կազմվել

Երևանում բազմաբնակարանների և այլ օբյեկտների շինաշխատանքների վերահսկողության արդյունքում ավելի քան 70 արձանագրություն է կազմվել

Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի և այլ օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունքում կազմվել է 73 արձանագրություն։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը  տեղեկացրել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Խոջայանը՝ ներկայացնելով  մայրաքաղաքի տարածքում ապօրինի շինությունների, մանսարդների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ անցած շաբաթվա ընթացքում ձեռնարկված աշխատանքները։

«Արձանագրություններից 44-ը կազմվել է  Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, 29-ը՝ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից, որից՝ 9-ը Աջափնյակ, 1-ը Ավան, 9-ը Արաբկիր, 2-ը Դավթաշեն, 1-ը էրեբունի և 7-ը Նոր Նորք վարչական շրջանների աշխատակազմերի կողմից»,-մանրամասնել է Խոջայանը։

Նրա խոսքով՝ արձանագրություններից 20-ը կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով, 30-ը՝ շինարարական հարթակների համար սահմանված պայմանների չպահպանման, 23-ը՝ շինություններն առանց շահագործման թույլտվության շահագործելու։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են քանդման 21 աշխատանքներ, որից 4-ն Աջափնյակում, 3-ն Ավանում, 2-ն Արաբկիրում, 3-ը Դավթաշենում, 3-ն Էրեբունիում, 1-ական՝ Նոր Նորքում և Նուբարաշենում, իսկ 4-ը՝ Քանաքեռ Զեյթունում։

  • Կիսվել: