կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ

ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ

ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ, հայտնում են միջզգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

Ս.թ. մարտի 14-ի որոշմամբ Նախարարների կոմիտեն մտահոգությամբ է արձանագրել, որ վճռի ուժի մեջ մտնելուց մինչ օրս որևէ քայլ Ադրբեջանը չի կատարել դիմումատուների իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ և պարտավորեցրել է մի շարք գործողություններ, որոնք Ադրբեջանը պարտավոր է կատարել մինչև 2024 թվականի դեկտեմբեր։ Մասնավորապես Ադրբեջանը պարտավոր է՝

Որպես անհատական միջոցներ՝

ամբողջությամբ վճարել դիմումատուների կրած դատական ծախսերը,

նախագահի պաշտոնական կայքից հեռացնել հանցանք կատարած անձին ներում շնորհելուն և աջակցելուն ուղղված բոլոր նամակները,

քայլեր ձեռնարկել զբաղեցրած պաշտոնից հանացանք կատարած անձին հեռացնելու ուղղությամբ,

ներկայացնել իր բացատրությունը հանցանք կատարած անձին տրամադրված այլ արտոնությունների վերաբերյալ, որոնք ներպետական օրենսդրությամբ որևէ հիմք չեն ունեցել

Որպես ընդհանուր միջոցներ՝

տրամադրել երաշխիքներ՝ ուղղված նմանատիպ խախտումները կանխելուն, ինչպես նաև նման ծանր խախտումների համար պատժից ազատելը բացառելուն

օրենսդրական փոփոխություններ իրականացնել խտրականության դեմ պայքարի համար և միջոցառումներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև թշնամության վերացմանը

Ադրբեջանին պարտավորեցվել է տեղեկատվություն տրամադրել որոշմամբ արձանագրված բոլոր հարցերի, այդ թվում ներման վերանայման վերաբերյալ, մինչև Նախարարների կոմիտեի 1514-րդ հանդիպումը (2024 թվականի դեկտեմբեր):

Որոշման անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ 

Սույն գործը վերաբերում էր Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության և Հայկ Մակուչյանի սպանության փորձի համար նշանակված ցմահ պատիժը Ադրբեջանի կողմից չկատարելուն։ Սաֆարովին ոչ միայն շնորհվել էր ներում, այլև նա արժանացել էր մի շարք պարգևների և արտոնությունների։

Շուրջ երեք տարի Ադրբեջանը չէր ներկայացնում գործողությունների ծրագիր և միայն 2023 թվականի ապրիլին ներկայացրեց այն։ Նախարարների կոմիտեն նախորդող երկու նիստերի ընթացքում չունեցավ կոնսենսուս Ադրբեջանի գործողությունների ծրագրի և որոշման նախագծի վերաբերյալ՝ գերազանցապես հիմք ընդունելով Հայաստանի ներկայացրած առարկությունները։

  • Կիսվել: